կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ-ի ծեծկռտուքով քրգործ չհարուցելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

ԱԺ-ի ծեծկռտուքով քրգործ չհարուցելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում էր օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշման դեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բողոքը։

Բողոք ներկայացնողները հայտնեցին, որ ՊՊԾ աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել պատգամավորների նկատմամբ։ Նրանք նշեցին, որ տեսանյութերում հստակ չի երեւում բռնություն գործադրելը, քանի որ, ըստ Միասյանի, աշխատակիցները հարվածներ են հասցրել իրենց ոտքերին, ինչը տեսախցիկը չէր կարող ֆիքսել։

Դատախազն էլ իր հերթին առարկեց, նշելով, որ պատգամավոր Մինասյանը չի ներկայացել իրավապահներին եւ դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել։ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ վատառողջ է եղել, սակայն գնացել բժշկի եւ զննության ենթարկվել։

Դատարանը բողոքին կցեց նաեւ առկա տեսանյութերը։ Նիստը հետաձգվեց՝ տեսանյութերն ուսումնասիրելու համար։

Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սադրանք է հրահրվել այդ օրը, եւ դրա արդյունքում են անվտանգության աշխատակիցները բռնություն գործադրել պատգամավորների նկատմամբ։

«Ակնհայտ է, որ սադրանքը հրահրեցին եւ անվտանգության աշխատակիցները բռնություն գործադրեցին պատգամավորների նկատմամբ, դա էլ իր շարունակությունն ունեցավ նաեւ երկրորդ օրը, երբ պատժիչ գործողությունների խրախուսումն իշխանության կողմից բերեց իշխող քաղաքական ուժի մաս կազմող պատգամավորների սանձարձակ վարքագծին։

Դատախազությունը, ցավոք, շարունակում է մնալ իշխող քաղաքական ուժի ձեռքին պատժիչ գործիք։ Որեւէ ողջամիտ մարդ կողքից լսելով՝ չի կարող համարել Փաշինյանի, Սիմոնյանի, Հովհաննիսյանի տրված բացատրությունները հիմնավոր։ Դեկտեմբերի 7-ին երբ տեղի ունեցավ հայտնի միջադեպը եւ ԱԱԾ-ն ստիպված եղավ քրեական գործ հարուցել, որովհետեւ փաստերն այնքան շատ էին, այդ ընթացքում ՊՊԾ աշխատակիցների պահվածքը նորից ցույց է տալիս, որ ԱԺ-ն վերածվել է իշխծող քաղաքական ուժի, նրան սպասարկող ուժային կառույցների, բոլոր լծակներն ունենալով հանդերձ պատժիչ մի մեխանիզմի։ Մեր իրավապահների կողմից ամեն գնով արդարացնել  ապօրինությունը, ֆիզիկական ուժի գործադրումն այն դեպքում, երբ օրենքով նման բան ուղղակի չի կարող լինել»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս «կապիտուլյանտ» բառն էր օգտագործել. պատգամավորին դուրս հրավիրելու ընթացքում նիստերի դահլիճում կրքերը բորբոքվել էին եւ արդյունքում քաշքշուկ էր տեղի ունեցել։

  • Կիսվել: