ԱԺ հանձնաժողովը ընդունեց լրագրողին հավատարմագրումից զրկելու հնարավորություն տվող նախագիծը
«Գործնականում օրինակների ենք հանդիպել, երբ կոնկրետ լրատվամիջոցների լրագրողները պարբերաբար խախտում են պետական մարմիններում, մասնավորապես, ԱԺ-ում գործող աշխատանքային կանոնները»,- այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Պատգամավորի խոսքով, լրագրողների խախտումների մասին պետական մարմնի կողմից նախազգուշացվում է լրատվական գործունեություն իրականացնողներին, սակայն դրան չի հետևում որևէ գործողություն լրատվամիջոցների կողմից․ «Այս լրագրողները շարունակում են նույն տրամաբանությամբ պարբերաբար խախտել աշխատանքային գոտում եղած կանոնները, ընդհուպ՝ լրագրողական էթիկայի կանոնները, վիրավորելով, սպառնալով պատգամավորներին, խանգարելով ոչ միայն ԱԺ և այլ հենց իրենց գործընկերների բնականոն աշխատանքը»։
«Այս խնդիրը լուծելու համար մենք լրացնում ենք օրենքում հետևյալ բացը․ պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարամագրումը աշխատանքային գոտում իրականացրած խախտումների հիմքով։ Ըստ օրենքի նախագծի՝ լրագրողի կողմից խախտման դեպքում նախազգուշացում է հայտարարվելու, 2-րդ անգամ՝ լրագրողը զրկվելու է հավատարմագրումից»,- նշեց Հովհաննիսյանը։
Պատգամավորը ընդգծեց, որ հավատարմագրման կարգի և տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է։
Հովհաննիսյանը նշեց նաև, որ հավատարմագրումից զրկվելու է միայն տվյալ լրատվամիջոցի լրագրողը և լրատվական գործունեություն ծավալողը կարող է հավատարմագրել մեկ ուրիշ լրագրողի։
Նախագիծը հավանության արժանացավ։