շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը

ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը

Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը և Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է, ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնում ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորներին մանդատների տրամադրման կարգին, նրանց գործունեությանը:

Ալեքսեյ Սանդիկովը մանրամասնել է Հայաստանում ռուսական համայնքի առօրյան, խոսել հասարակության մեջ նրանց ներգրավվածության մասին:

Պատգամավորը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ ԱՊՀ միջխորհրդարանական, ԵԱՏՄ տնտեսական և ՀԱՊԿ անվտանգային հարցերում փոխգործակցությանը: Նա նշել է, որ Հայաստանն իր արտադրանքի մեծ մասն արտահանում է ԵԱՏՄ երկրներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեքսեյ Սանդիկովը ներկայացրել է միջազգային այն խորհրդարանական հարթակները, որտեղ հաճախ է խոսվում մեր երկրի խնդիրների մասին:

Հանդիպումը կայացել է մարտի 29-ին: Մայր բուհի ուսանողները մասնագիտական փորձաշրջան են անցնում Ազգային ժողովում:

  • Կիսվել: