ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանն այսօր հայտնել է, որ գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են, գրում է mediamax.am-ը:

«Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին մենք դրանց թեստային փորձարկումներն ենք արել, հասանելի են եղել մինչեւ ժամը 18:00-ը, իսկ հիմա 24-ժամյա ռեժիմով առցանց կապահովենք սերվերների սպասարկումը»,- ասուլիսի ժամանակ ասել է նա:

Այս պահին հասանելի է եւ գրադարանի պաշտոնական՝ www.nla.am կայքը, որ թարմացվել է, եւ թվայնացված թերթերի, ամսագրերի ու գրքերի http://tert.nla.am/ հարթակը:

Ինչ վերաբերում է մայիսի 10-ին գրադարանի թվայնացված արխիվների սերվերների վնասվելու առնչությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներին, տնօրենի պաշտոնակատարն ասել է.

«Սպասում ենք փորձաքննության վերջնական եզրակացությանը: Դեռեւս մարդկային միջամտության գործոնը, դիտավորությունը չի հերքվել: Վերջանական դիրքորոշումս կներկայացնեմ ծառայողական քննության ավարտից հետո»:

Հրաչյա Սարիբեկյանը հավելել է, որ այս ընթացքում ամբողջ թվայնացված բազան կրկնապատճենել են. «Երկու տարբեր տեղ կպահենք պատճենները: Դիտարկում ենք նաեւ լրացուցիչ սերվերներ ձեռք բերելու հարցը»:

  • Կիսվել: