չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ազգային առաջընթաց» կուսակցության իրավաբանական թիմի շնորհիվ Երվանդ Քոչար փողոցի բնակիչների բողոքը մտավ դատարան

«Ազգային առաջընթաց» կուսակցության իրավաբանական թիմի շնորհիվ Երվանդ Քոչար փողոցի բնակիչների բողոքը մտավ դատարան

«Ազգային առաջընթաց» կուսակցության իրավաբանական թիմի շնորհիվ Երվանդ Քոչար փողոցի 15,17, 19 շենքերի բնակիչների բողոքը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի մտավ Վարչական դատարան։

Ինչպես InfoPort.am- ի հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Ավագանու թեկնածու, իրավաբան Սամվել Մելիքյանը, խնդիրը առաջին իսկ օրերից եղել է իրենց թիմի ուշադրության ներքո։ «Բանն այն է, որ ժամանակին այդ շենքերի միջբակային կանաչապատ տարածքը քաղաքապետարանի որոշմամբ օտարված է եղել տեղի բնակից Նվեր Չախոյանին, հետագայում, ըստ փաստաթղթերի սեփականատերը փոխվել է, իսկ 2022 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ստորագրությամբ այդ տարածքի համար տրվել է շինթույլտվություն՝ հասարակական նշանակության շինություն կառուցելու համար։ Բնակիչները ընդվզել են այդ որոշման դեմ, դիմել քաղաքապետարան, թաղապետարան՝ ոչ մի օգուտ։ Հուսահատված նրանք դիմեցին մեզ, մենք էլ օգնեցինք դատական հայց ձևակերպելու հարցում, եվ ահա ստացանք պատասխան, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը՝ նախագահությամբ դատավոր Անի Չիլինգարյանի։ Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 7-ին»,- պարզաբանեց Մելիքյանը։

Նա նաև նշեց, որ Դատարանը ապացուցողական մասը թողել է Քաղաքապետարանի վրա, իսկ որպես երրորդ կողմ ներգրավել կառուցապատող ընկերությանը։ «Իսկ սա նշանակում է, որ Դատարանը հիմնավոր է համարել հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները և Քաղաքապետարանից պահանջել երկշաբաթյա ժամկետում ներկայացնել քաղաքապետի 09.12.2022թ. տրված թիվ 01/18-Դ-69180-2333 շինթույլտվության տրամադրման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջությամբ՝ տվյալ որոշման իրավաչափությունը ապացուցելու համար»,- մանրամասնեց փաստաբանը։

Նա նշեց, որ հայցի մեջ վիճարկվել է շինթույլտվության իրավաչափությունը ընդհանրապես, քանզի խախտվում է տվյալ շենքերի բակային տարածք մեքենաների (հատկապես մեծ հրշեջ և շտապօգնության մեքենաների) մուտքի, ելքի հասանելիությունը, միջբակային էկոհամակարգը, փակվում է շենքերի ներքևի հարկերի արևի լույսի հասանելիությունը։ «Եվ ընդհանրապես խախտվում է հանրային շահը, քանզի հանրային նշանակության կանաչապատ տարածքը, փաստացի օտարվում է բնակիչներից և ծառայեցվում մեկ անհատի շահերին»,- նկատեց Մելիքյանը։

Բացի այդ հավելեց նա, հայցում նշվել է նաև կառուցապատող ընկերության կողմից շինարարական նորմատիվների բազմակի խախտման փաստերը ևս։ «Օրինակ, բաց եղանակով ավազի բեռնաթափումը անմիջապես բեռնատարի թափքից, ինչը փոշու մեծ կուտակումներ էր առաջացրել օդում և այդ ամենը փաստագրված է տեսանյութերով։ Բացի այդ շինարարության ողջ ընթացքում շինարարություն իրականացնող ընկերությունը այդպես էլ չտեղադրեց իր մասին իրազեկող վահանակներ, որտեղ նշված կլինեին կազմակերպության անվանումը, հասցեն և հեռախոսահամարները։ Իսկ դա օրենքը հստակ պահանջ է»,- եզրափակեց Մելիքյանը։

  • Կիսվել: