«Մեջբերում եք մի բան, ասում եք ուրիշ բան». Աղազարյանը պաշտպանեց Արծվիկ Մինասյանին
Տիկին դատախազ, ձեր բերած միջնորդության մեջ հիշատակում եք, որ ենթադրյալ հանցագործության մեջ Արծվիկ Մինասյանը որևէ նյութական շահ չի հետապնդել, առաջնորդվել է խմբակային շահով. ես իհարկե իրավաբան չեմ, եթե կարելի է բացատրեք, թե ինչ է նշանակում խմբակային շահ որպեսզի հասկանանք՝ Արծվիկ Մինասյանը իր ենթակաների հետ այս կամ այն գործառույթը անելիս կարո՞ղ է այդ կատեգորիայի տակ ընկնել, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ նշեց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Ի պատասխան Աննա Վարդապետյանն ընթերցեց Արծվիկ Մինասյանի ցուցմունքի այդ հատվածը. «Պաշտոնի նշանակվելուց հետո տեղեկացել է, որ Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող հողատարածքը փաստացի, առանց օրինական հիմքերի օգտագործվում է Սեյրան Օհանյանի կողմից։
Նշանակում է, որ պաշտոնյան տեղեկացված է, որ նախկին մեկ այլ պաշտոնյայի ինքնակամ կառույցը, որը օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունի, փաստացի, առանց օրինական հիմքերի օգտագործվում է Սեյրան Օհանյանի կողմից։ Այստեղ խմբային, ոչ թե խմբակային, շահի տեսանկյունից, պարտադիր չի, որ լինի ուղիղ ցուցում, պարտադիր չի, որ բոլորը լինեն գործող պաշտոնյաներ։ Լինում են իրավիճակներ, երբ որ այդ խմբային շահը ներառում է նաև նախկին պաշտոնյաների, ներառում է գործող պաշտոնյաների, ներառում է երբևէ պաշտոն չզբաղեցնող անձանց։ Այստեղ կարևոր հանգամանքը սուբյեկտիվ կողմի տեսանկյունից այն է, որ անձը գիտակցել է, որ կառավարությունը ներկայացնում է փաստաթղթերի փաթեթ, որում ելակետային տվյալը ներկայացված է ոչ իրականությանը համապատասխան։
Իրականում առկա կառուցապատումը ներկայացված է կառուցապատման բացակայություն, և սա պատահականություն չէ, և չի պատկանում ենթադրենք որևէ ՀՀ քաղաքացու, որը երբևէ պաշտոն չի զբաղեցրել։ Չէ, պատկանում է նախկին նախարարի, որը ինքնակամ կառուցապատումը իրականացրել է հինգ տարիների ընթացքում, ավելին ամբողջ համայնքը տեղեկացված է եղել, և դա երևում է նաև այդ անձանց ցուցմունքներով, այդ թվում ՏԻՄ մարմիններն են տեղեկացված եղել, այդ թվում ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են տեղեկացված եղել, որ սա Սեյրան Օհանյանի առանձնատունն է։
խմբային շահն այստեղ չի դրսևորվել դրդչության ձևով, եթե լիներ դրդչություն, եթե ինչ-որ մեկը ասած լիներ՝ պարոն Մինասյան, հանձնարարում եմ ձեզ կամ խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք սա անեք, այս դեպքում մենք կունենայինք այլ որակում և այլ նկարագրություն։
Բայց պարոն Մինասյանը ինքը նշում է, որ տեսել է ապօրինությունը և ցանկացել է, չենք հասկանում ինչ ձևաչափով օրինականացնել»,– ընդգծեց դատախազը։
Հովիկ Աղազարյանը նկատեց. «Մի քանի անգամ դուք այդ հատվածը մեջբերեցիք, բայց մեջբերում եք մի բան, բայց ասում եք մի ուրիշ բան։ Ասում եք, որ Արծվիկ Մինասյանը տեղեկացել է, որ Սեյրան Օհանյանը ապօրինի տիրապետել է այդ հողամասին, հողամասին է ապօրինի տիրապետել, բայց այդտեղից դեռ չի բխում, որ Արծվիկ Մինասյանը այդ դրվագով համենայնդեպս տեղյակ է եղել, որ ապօրինի կառույց է եղել։ Սխա՞լ եմ հասկանում»։
Աննա Վարդապետյանն էլ արձագանքեց. «Հիմա ես նորից կընթերցեմ այդ հատվածը. «Պատասխանել է, որ այդ փաստաթուղթը մրցույթի համար անհրաժեշտ փաստաթուղթ է, որի հիմնական նպատակը կառուցապատվող տարածքի նկատմամբ որոշակի սահմանափակումների նախատեսումն է։ Եթե որևէ շեղում լինի շինարարության ընթացքում այդ փաստաթղթից, դա հիմք է եղել կասեցնելու կառուցապատումը, ինչպես նաև այդպիսի փաստաթղթում նկարագրված վիճակը, հավանաբար, համապատասխանեցվել է մինչև կառուցապատումը եղած վիճակին։ «Կառուցապատում» բառը կա, ես ուղղակի նույն տեքստը մի քանի անգամ եմ ստիպված ընթերցել, որի պատճառով էլ նշվել է այդպես։
Ինչ վերաբերում է հողամասի վրա շենք շինությունների առկայության պայմաններում նշված մրցույթի անցկացմանը և ներկայացված բիզնես ծրագրին, ապա չի բացառում, որ շինությունները համապատասխանել են ծրագրում նշված շինություններին»։