Իսրայել-Իրան պատերազմը կարող է բացասաբար ազդել Երևանի հետ խաղաղության հասնելու հարցում Բաքվի պատրաստակամության վրա. շվեդ պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնի կարծիքով՝ Իսրայելի ու Իրանի միջև վերջերս տեղի ունեցած 12-օրյա պատերազմը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ Ադրբեջանի պատրաստակամության վրա։
Շվեդ պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի և դրա շուտափույթ ստորագրման հեռանկարներին։
Զրույցի ընթացքում Էրիկ Հելսբորնը խոսել է նաև Հայաստանի ու Եվրոպական միության միջև կապերի աննախադեպ զարգացման, ու դրանց հետագա ընդլայնման հնարավորությունների մասին։
Խոսելով Երևանի ու Բաքվի միջև դեռևս մարտ ամսին համաձայնեցված համաձայնագրի ստորագրման հավանականությունից՝ շվեդ պատգամավորը կարծիք է հայտնել, որ Իսրայելի ու Իրանի միջև վերջին ռազմական էսկալացիան կարող է բացասական ազդեցություն ունենալ համաձայնագրի շուտափույթ ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի պատրաստակամության վրա։
Հելսբորնը նաև կարծիք է հայտնել, որ Թել Ավիվի ու Թեհրանի միջև պատերազմից հետո Իրանի՝ ռազմական կարողությունների առումով որոշակիորեն թուլանալը կարող է Բաքվի համար առիթ հանդիսանալ Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու համար։
«Ես Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը հաջողություններ եմ մաղթում՝ կայուն, երկարատև խաղաղության հասնելու իր պայքարում։ Սակայն վախենում եմ, որ Իսրայելի ու Իրանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի՝ համաձայնության հասնելու պատրաստակամության վրա։ Կա վտանգ, որ թուլացած Իրանը պակաս կարևոր կլինի Բաքվի համար, ինչը կարող է խրախուսել Ադրբեջանին ավելի շատ հայկական տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- նշել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։
Էրիկ Հելսբորնը նաև դրական է գնահատել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների աննախադեպ զարգացումը և հունիսի 29-30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի Հայաստան կատարած այցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է շարունակել տնտեսական և մշակութային ամուր կապեր կառուցել Երևանի ու Բրյուսելի միջև, ինչը երկու կողմերի համար էլ օգտակար կլինի։
«Այս ամենը շատ դրական զարգացում է։ Մենք պետք է շարունակենք տնտեսական և մշակութային կապերի կառուցումը։ Ապագան, որտեղ Բրյուսելը կդիտարկի Հայաստանը որպես ավելի մեծ արևմտյան քաղաքակրթության մաս, երկու կողմերի համար էլ օգտակար կլինի»,-ընդգծել է շվեդ պատգամավորը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը 2025 թվականի հունիսի 30-ին հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալասը հայտարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Այցի շրջանակներում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։