ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազատության հրապարակը դեռեւս վտանգավոր գոտի է մնում հեծանվորդների եւ հետիոտների համար. Անտոնյան

Ազատության հրապարակը դեռեւս վտանգավոր գոտի է մնում հեծանվորդների եւ հետիոտների համար. Անտոնյան

Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Արման Անտոնյանն ասաց, որ Ազատության հրապարակը դեռեւս վտանգավոր գոտի է մնում հեծանվորդների եւ հետիոտների համար:

Նա նշեց, որ երկու տարում քիչ բան չի արվել այգիներն ավելորդ օբյեկտներից ազատելու համար, սակայն անհրաժեշտ է անցնել երկրորդ փուլին եւ, օրինակ, Ազատության հրապարակը ազատել բատուտներից եւ այլ երեւույթներից:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պարզաբանեց, որ հանձնարարել է քաղաքի գլխավոր ճարտարապետին զբաղվել այդ հարցով:

Ինչպես հավելեց Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը՝ հայտարարվել է մրցույթ՝ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների հարակից տարածքը բարեկարգելու համար, սակայն մասնակիցներ չեն եղել՝ անգամ հաշվի առնելով այն փաստը, որ նախագծի համար հայտարարվել է 3 միլիոն դրամի պարգեւատրում:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանն էլ հավաստիացրեց, որ տեղեկատվությունը տարածվել է բավարար չափով, սակայն ճարտարապետների համար 3 միլիոն դրամը, պարզվել է, շատ փոքր գումար է բարեկարգման մրցույթին մասնակցելու համար՝ հաշվի առնելով, որ հանրաքվեի նախընտրական շտաբի պատկերանշանի հեղինակներին տրվել է նույնքան գումար:

  • Կիսվել: