Այսօր Մարտունու բուժկենտրոնը մարզային նշանակության ստրատեգիական բուժհիմնարկ է․ Անդրանիկ Հարությունյան
Նոր մասնաշենքի բացումից հետո շուրջ երկու տարի է Մարտունու ԲԿ-ն նորովի՝ ավելի բարձր մակարդակով է սպասարկում քաղաքի և մարզի բուժառուներին՝ առաջարկելով արդի ախտորոշիչ և բժշկական այլ ծառայություններ։ Նոր մասնաշենքի շահագործումից հետո ԲԿ են հրավիրվել նաև բարձրակարգ նեղ պրոֆիլային բժիշկներ։ ԲԿ-ի ձեռքբերումների և ապագա պլանների մասին InfoPort.am-ը զրուցել է Մարտունու Բուժկենտրոնի տնօրեն Ամդրանիկ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, նախ ներկայացրեք խնդրեմ Մարտունու ԲԿ –ի վերջին տարիների ձեռքբերումները։
- Ինչպես գիտեք Մարտունու բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, մատուցում է ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ։
Արդեն երկու տարի է Մարտունու ԲԿ-ն իր գործունեությունը ծավալում է նոր շենքում, որը կառուցվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում, նոր գործիքային և ախտորոշիչ հետազոտությունների հնարավորությամբ, մասնավորապես՝ համակարգչային շերտագրում, ԷՆՄԳ, ԷԷԳ, արթրոսկոպ, հոլտեր մոնիթորինգ, տրեդմիլ թեստ, աուդիոմետրիա։ Ավելացել է նաև ուլտրաձայնային հետազոտությունների ծավալները և գաստրոսկոպիական, կոլոնոսկոպիական հետազոտությունները։ Նոր ծառայությունների և գործիքային հետազոտությունների, էնդոպրոթեզավորման, օրթոպեդիայի և ՔԿԱ վիրահատական ծառայությունների ներդրմամբ ավելացել է բուժօգնության ծավալների շրջանակը։ Մեր նպատակը հիվանդանոցային ծառայությունների վերազինելն է նոր արդիական սարքավորումներով՝ ընդլայնելով մատուցվող բժշկական ծառայությունների տեսակները և որակը (աչքի վիրահատական, քիմիոթերապիա, սրտի ստենդավորում, ՄՌՏ)։ Հիմնական շեշտադրումը նաև ԲԿ ի բարձորակ կադրերով համալրումն է, ավագ և միջին բուժանձնակազմին շարունակական մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման դասընթացների միջոցով հասցնել նոր որակական մակարդակի՝ ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան, Առողջապահության նախարարության կողմից սահմանված ծրագրերով և ժամանակացույցով։

Որքա՞ն բնակչության է սպասարկում կենտրոնը։
Կենտրոնը հանդիսանում է ստրատեգիական կարևորության բժշկական կենտրոն։ Կենտրոնի աշխարհագրական դիրքը և մասնագիտական հագեցվածությունը թույլ է տալիս այն դիտել որպես մարզային կարևորագույն և ստրատեգիական կենտրոն, հատկապես հաշվի առնելով, որ այն տեղակայված է Վարդենիս և Վայոց Ձոր տանող ճանապարհի խաչմերուկում, սպասարկում է նաև սահմանամերձ տարածքների բնակչությանը: Հիմնականում սպասարկում է Մարտունի խոշորացված համայնքի` շուրջ 90000 բնակչությանը։
Կորողացե՞լ եք կոտրել ձևավորված կարծրատիպն առ այն, որ մարզային ԲԿ-ները չեն կարող ժամանակակից բուժսպասարկում մատուցել բնակչությանը։
Մենք վաղուց ենք կոտրել այդ կարծրատիպը, հաշվի առնելով ԲԿ-ում կատարվող վիրահատությունների թիվը՝ տարեկան շուրջ 2150 վիրահատություն, այցելող բուժառուների քանակը, բուժսպասարկման որակը, սարքավորումների հագեցվածությունը, բուժանձնակազմի պատրաստվածությունը։ Այսօր կարող ենք փաստել, որ Մարտունու ԲԿ-ն լավագույններից է։ Այս տարիներին հիվանդների հոսքը այլ բուժհաստատություններ անհամեմատ կրճատվել է։ Դրա վառ ապացույցն է մեր բուժառուների ԲԿ- ի նկատմամբ օրեցօր աճող վստահությունը։


