ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այսօր Երևանի Օղակաձև այգու ապագան կախված է յուրաքանչյուր երևանցուց. «Ազգային առաջընթաց»

Այսօր Երևանի Օղակաձև այգու ապագան կախված է յուրաքանչյուր երևանցուց. «Ազգային առաջընթաց»

Գիտեի՞ք, որ Երևանի Օղակաձև այգու ստեղծումը ձգձգվել է շուրջ 40 տարի: Այս մասին ասված է ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության ֆեյսբուքյան էջում:

՛՛1924 թվականին հատակագիծն արդեն պատրաստ է եղել, սակայն կյանքի է կոչվել միայն 1960-ականներին:

Մայրաքաղաքի համար այս չափազանց կարևոր այգին նախաձեռնել է «Երևաննախագծի» N2 ճարտարապետական արվեստանոցը` Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ:

Այգին միշտ եղել է երևանցիների կողմից ամենասիրված վայրերից մեկը:

Ցավոք, 1990-ականներից այգին սկսեց ապականվել:

Գետառը ցամաքեց, տարածքները տրվեցին վարձակալության, հայտնվեցին անկանոն ու տգեղ կառուցված սրճարաններ:

Եվ այդ տխուր վիճակը տևեց շուրջ 30 տարի: Այգու բարեկարգման աշխատանքները սկսվեցին միայն 2019 թվականին: Արդյունքում Օղակաձև այգին որոշակիորեն վերադարձրեց իր նախկին տեսքն ու սկսեց ծառայել հիմնական նպատակին, որն է՝ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առողջ հանգիստն ու ժամանցն ապահովելը:

Այսօր Երևանի Օղակաձև այգու ապագան կախված է յուրաքանչյուր երևանցուց, և յուրաքանչյուրի մոտեցումը շատ կարևոր է այս հարցում: Կշարունակի՞ այգին ծառայել իր հիմնական նպատակին, թե՞ կդառնա տարբեր մարդկանց ամբիցիաների սովորական արտացոլանք...՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: