Միրզոյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է 2027 կամ 2028 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իրատեսական է համարում, որ 2027 կամ 2028 թվականին կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցելու հայտ ներկայացնել։
Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք փորձում ենք Եվրամիության հետ շատ սինխրոն գնալ մեր հավակնությունների և նրանց հնարավոր արձագանքների մասով։ Մինչ այս պահը դա հաջողվել է, հետագա քայլերում ևս մենք կառաջնորդվենք դրանով՝ երկու բանով, մենք ինչ ենք ուզում և այնտեղ ինչ են ուզում։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք անդամակցել, որքանո՞վ են անդամ 27 պետությունները պատրաստ մեր անդամակցությանը դրական արձագանքել։ Համաձայնեք՝ երեխայություն կլինի առանց ջերմ արձագանքների և նախնական խոսակցությունների գնալ այդպիսի քայլերի։ Եվ այդպես էլ կլինի։ Ես շատ իրատեսական եմ համարում, որ 2027 կամ 2028 թվականներին կարող է այդպիսի իրավիճակ ստեղծվել, որ մենք անդամակցության հայտը ներկայացնենք»,- ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ իրատեսական է համարում, որ Հայաստանը 2027 թվականին կամ 2028 թվականին կարող է Եվրամիության անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել։



