հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու ՀՀ ինքնիշխանության օրակարգը. «Միասնության թևեր»

Պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու ՀՀ ինքնիշխանության օրակարգը. «Միասնության թևեր»

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը: Գրել է «Միասնության թևեր» կուսակցությունը:

««Միասնության թևեր» կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը։

Քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։

Այս համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով։ Մեր գնահատմամբ՝ իշխանությունը, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, բացառապես արտաքին ուժերի հերթական պահանջի կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պահպանման անխուսափելի պայման, իսկ այդ քաղաքականությանը դիմադրող ուժերին՝ որպես խաղաղությանը խոչընդոտողներ՝ սահմանափակելով պետական նշանակության որոշումների շուրջ ազատ քննարկման և քաղաքական հակազդեցության հնարավորությունը։

Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների եւ զիջումների։

Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։

Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։

Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին։

Այդ համագործակցությունը պետք է կառուցվի՝

  • հստակ ընդհանուր օրակարգի,
  • մասնակիցների իրավահավասարության,
  • փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։

Մեր նպատակը համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններն են՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: