ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող քաղաքացու կողքով չպետք է անտարբեր անցնի. Նիկոլ Փաշինյան

Ոչ մի ոստիկան դիմակ չկրող քաղաքացու կողքով չպետք է անտարբեր անցնի. Նիկոլ Փաշինյան

Վերջին 1 ամսում Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չէր գերազանցում 200-ը, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է 200-ից:  Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ օրը գրանցվել է 257 նոր դեպք, իսկ երեկ՝ 295:

«Ճիշտ է, թեստերի թիվը մեծ է, երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդը օրը՝ 4135: Հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում  թեստերի օրական թիվը 3000-ի չի հասել: Այնուամենայնիվ միտումն անհանգստացնող է»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ մարտից հետո երեկ առաջին անգամ խցանում է նկատել, ինչը թերևս կապված է դպրոցների բացման հետ:

 «Բոլորի և հանրության ուշադրությունը պետք է սևեռենք այս խնդրի վրա»,- ասաց նա։

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանիսյանը նշեց, որ նկատում են թեստավորման մեջ տոկոսային աճ, այսօր 7 տոկոս է կազմում, ինչը մտահոգիչ է:

«Ըստ մեր վերլուծությունների, աճը կապ ունի միջդպրոցական շրջանում առևտրի ակտիվությամբ, հանգստյան տներից մարդկանց վերադառնալու հետ»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով, այն, թե ինչ հետևանք կունենա դպրոցների բացումը, կերևա երկու շաբաթվա ընթացքում:

Փոխնախարարը կոչ արեց բոլորին պահպանել կանոնները, որպեսզի աշնանը թվերի կտրուկ աճ չլինի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա, դա դիմակ կրելն է։

«Մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում: Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որևէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Բնականաբար, օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները պետք է լիարժեք պահպանվեն: Դիմակը ծնոտը փակելու համար չի, այլ քիթն ու բերանը, քանի որ վիրուսը շնչառական ուղիներով է փոխանցվում:

Երբ տեսնում եմ, թե այլ երկրներում ինչ է կատարվում, ավելի եմ համոզվում, որ մեր ռազմավարությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, ճիշտ ճանապարհն է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թվերի նվազմանը զուգահեռ առողջապահական հզորությունները հետ են ծավալել, սակայն այն հիվանդանոցները, որոնք պայքարում էին կորոնավիրուսի դեմ, պատրաստ են ցանկացած պահ վերադառնալ այդ պայքարին: 

Վարչապետը խոսելով Հայաստանի ընտրած ռազմավարության մասին՝ ասաց, որ այն ճիշտ է. «Առողջապահական հիմնարկները պատրաստ են բուժել: Պարզ է, որ անխուսափելի մահվան դեպքեր լինելու են: Հուլիսին օրինակ մենք եզրին ենք եղել: Օրեր ենք ունեցել, երբ վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 1-3 ազատ տեղ է եղել: Մենք կարողացել ենք դա հաղթահարել և որևէ քաղաքացու առանց բուժօգնության չենք թողել: Մի դեպք է եղել, սակայն այդ դեպքում էլ հարազատները հապաղել են բժիշկներին դիմելու հարցում»:

Փաշինյանի խոսքով՝  ամեն 100 դեպքից 2-ը մահանալու են. «Սակայն մենք պետք է հասկանանք, որ չենք կարող մեր երկիրը, տնտեսությունը կոնսերվացնել, պետք է զուգահեռ կարողանանք գնալ այս ճանապարհով»:

Վարչապետը նաև ասաց, որ այս ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 925 մարդ։ 

Նիկոլ Փաշինյանը նաև մեկ վերլուծության մասին խոսեց։

«Մի հետաքրքիր վերլուծություն կար, որ այն երկրները, որոնք առավել խիստ սահմանափակումների են գնացել և կորոնավիրուսի ցուցանիշներով առավել լավ արդյունքների են ասել, տնտեսական առումով ունեն ամենախորը պրոբլեմները: Դրանք իրար հետ հասկանալիորեն փոխկապակցված են: Այո, մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, փակ հիմնարկներում, որ այս խնդիրը կարողանանք լուծել»,- ասաց նա:

 

  • Կիսվել: