շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ավտովթար Երևանում․ «Mercedes»-ը Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի մոտ, բախվել է գովազդային երկաթե սյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Ավտովթար Երևանում․ «Mercedes»-ը Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի մոտ, բախվել է գովազդային երկաթե սյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել, բախվել գովազդային երկաթե վահանակի սյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Սիրեյանն ու Դավիթ Խաչատրյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: