Ավտովթար Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «Opel»-ը, վերջինը հայտնվել է ճահճուտում. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի՝ Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes», «Opel» «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Քարամյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մարտիրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճահճուտում։