կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու մի քանի տոննա տրավերտինով բարձված «КрАЗ»-ը․ կան վիրավորներ

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու մի քանի տոննա տրավերտինով բարձված «КрАЗ»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ մինչհամայնքային ավտոճանապարհի Վանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արշակ Ք․-ի վարած «Lexus» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Վարդան Ա․-ի վարած «КрАЗ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Արարատ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արարատ Ազատյանն ու Սերգեյ Սարգսյանը։

Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանն ու վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լևոն Անտոնյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «КрАЗ»-ը բարձված է եղել մի քանի տոննա տրավերտինով։ 

  • Կիսվել: