երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը

Ավարտվեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը

Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցեցին շուրջ հարյուր հիսուն երիտասարդներ՝ նվիրապետական աթոռներից, հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։

Ուխտագնացությանն իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից Հոգեշնորհ  Տ․ Գասպար աբեղա Կարապետյանը և Լուսարարապետ Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը, մի շարք թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատուներ, մասնավորապես Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՄՆ Արևմտյան թեմից Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանը, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Գևորգ քահանա Միրզոյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Իսրայելյանը, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Համազասպ քահանա Հագեյանը։

 

uxtagnacutyun

Ուխտավոր երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում ընդունեց և իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ապա Մայր Տաճարի դիմաց ուխտավորներն աղոթք առաքեցին առ Աստված, որից հետո այցելեցին Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե վանքեր և Զվարթնոցի տաճար։

Ուխտագնացությանը մասնակից երիտասարդներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելով Ցեղասպանության նահատակների հիշատակին։

 

uxtagnacutyun

Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին։ Պատարագիչն էր ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ  և ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում էր «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք»  խորագիրը, և կրթական առաջադրանքներն ուղղված էին թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։ Դասընթացի հեղինակը ՀԵՀԵՄ Գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ և դասընթացավար երեցկին Անգելինա Ալեքսանյանն էր։

  • Կիսվել: