շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուխտագնացություն դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցի՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ

Ուխտագնացություն դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցի՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ

Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է նշում այսօր Հայոց Եկեղեցին: Մարդկության Փրկչին աշխարհ բերած Մայրը բոլոր ժամանակների վառ օրինակն է անմնացորդ սիրո, բարեգթության և հոգատարության, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

՛՛Աստվածամոր ծննդյան լուսավոր տոնին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի օրհնությամբ և առաջնորդությամբ եկեղեցու տիկնանց միությունը նախաձեռնել է ուխտագնացություն դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցի: Ուխտագնացությանը միացել են եկեղեցու երիտմիության անդամները և համայնքի մյուս հավատացյալները, ինչպես նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու համայնքի անդամներից:

Այսօրվա անձրևային եղանակը չխանգարեց ուխտավորներին ոտքով հասնել դեպի սրբավայր:
Օրվա պատարագիչն էր տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ով իր քարոզում նկարագրեց Աստվածամոր խորհրդավոր կերպարը` շեշտելով. «Պատահական չէ, որ մեր եկեղեցիների մեծամասնությունը կրում են հենց Աստվածածնի անունը»: Տեր Հայրը հորդորեց ներկաներին միշտ աչքի առաջ ունենալ Սուրբ Կույսի առաքինի կերպարը, ում մասին ասում է Սողոմոնը. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն»(Առակ 31:29-30):

Պատարագի կեսից միացել են նաև օրվա դասերն ավարտած փոքրիկ դպրոցականները` իրենց ուսուցիչների հետ: Տեր Հայրը Պատարագի ավարտին կատարեց նաև մշակների օրհնության կարգ` մաղթելով արդյունավոր և խաղաղ ուսումնական տարի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: