ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ավարտվեց «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը. 25 երկրներից 360 սփյուռքահայ պատանիներ ժամանել էին Հայաստան

Ավարտվեց «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը. 25 երկրներից 360 սփյուռքահայ պատանիներ ժամանել էին Հայաստան

Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հյուրընկալել էր 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնությունը:

Ինչպես  տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ երիտասարդները 14 օր շարունակ եղան հայրենիքում՝ սովորելով մայրենին, պատմությունը, հայկական երգն ու պարը, շրջելով և բացահայտելով ողջ Հայաստանը, տեղեկանալով հայրենիքում կրթական հնարավորություններին, ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ և նոր ծանոթություններ:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակման արարողության ընթացքում վստահություն հայտնեց, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի մասնակիցների համար: Երիտասարդներն էլ կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

«Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն արդեն 2022 թվականի առաջին եռամսյակում:

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից:

  • Կիսվել: