երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավանեսյանը հայտնել է 140 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս դուրս գրվելու մասին

Ավանեսյանը հայտնել է 140 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս դուրս գրվելու մասին

Դեղատան աշխատակցի կողմից բուժառուի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը փակ է, չի կարող որևէ դեղատան աշխատակից տեսնել բուժառուի որևէ առողջական տվյալ: Հավաստիացնում եմ, որ այս համակարգի շնորհիվ բժշկական գաղտնիքը շատ ավելի պաշտպանված է, քան թե առաջ թղթային տարբերակներով է եղել: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հարցին այն մասին, թե էլեկտրանային դեղատոմս դուրս գրելու որոշմամբ պայմանավորված՝ բուժառուների հիվանդությունները կարո՞ղ են հասանելի դառնալ դեղատան աշխատակիցներին:

Խոսելով դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի մասին՝ Ավանեսյանը հավաստիացրեց, որ համակարգը նորմալ աշխատում է:

«140 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել արդեն, և սա խոսում է այն մասին, որ գործարկման փուլը բարեհաջող անցել ենք: Իհարկե, կան որոշակի սխալ պատկերացումներ, թե ինչպես է գործելու համակարգը, որին ի պատասխան՝ մենք անընդհատ տեղեկատվական ձևով փորձում ենք բացատրություններ տալ»,-նշեց նա:

Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն էլ ասաց, որ ալերգիայի պարագայում որոշակի դեղամիջոցների հասանելիության խնդիր կա, սակայն Ավանեսյանը տեղեկացրեց, որ հակահիստամինային դեղամիջոցները, որոնք ուղղված են ալերգիաների բուժմանն ու կանխարգելմանը, էլեկտրոնային դեղատոմսով գնվող խմբերին չեն պատկանում, և քաղաքացիները դրանք կարող են ձեռք բերել առանց դեղատոմսի:

  • Կիսվել: