երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ատեստավորումն ափալ-թափալ արած, սվաղած մի բան է, ասում են՝ պետք է անենք․ ուսուցիչ

Ատեստավորումն ափալ-թափալ արած, սվաղած մի բան է, ասում են՝ պետք է անենք․ ուսուցիչ

Ուսուցիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով թեթևացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել, ինչպես նաև փոխել 2֊րդ, 5֊րդ և 7֊րդ դասարանների դասագրքերի բովանդակությունը։

«Դասագրքերը չկան, երեխաները չեն մոտիվացվում, անլուրջ են վերաբերվում դասագրքերին, ուսուցչին։ Ի՞նչ է նշանակում, որ ասում են՝ կհարմարվեն, կանեն։ Ես ուզում եմ նաև նշել ատեստավորման խնդիրը։ Ատեստավորման թեստերն այնպես են կազմված, որ ուսուցիչների 70 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել։ Այս ատեստացիան ափալ-թափալ արած, սվաղած մի բան է, որ ուսուցչին ասում են՝ պետք է անենք»,- վրդովվեց բողոքող ուսուցչուհիներից մեկը։

Մեկ այլ ուսուցիչ էլ հավալեց, որ ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչին դարձրել է փորձադաշտ։

«Ատեստավորումներ, կրթական չափորոշիչներով իրենց թվում է՝ դա բարեփոխո՞ւմ է, ուղղակի ծանրաբեռնել են ու կողմնակի, որը չի նպաստում կրթության բարելավմանը։ Անցյալ տարի կամավոր ատեստավորման են գնացել 2 հազարից ավելի ուսուցիչ, բայց անցել են 11-ը։ Թեստերի տակ լավ է չէին գրել՝ բարձր աշխատավարձ ես ուզում՝ «առը հա»: Ատեստավորման թեստն այնպես է կազմված, որ հանկարծ չանցնես։ Մեսրոպ Մաշտոցի խոսքերով ասած՝ իշխանությունները «կայֆավատ» են լինում մեզ վրա»,- ասաց պատմության ուսուցիչներից մեկը։

Հիշեցնենք, որ ուսուցիչները բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել էլեկտրոնային մատյանները և անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

Հավելենք նաև, որ Ժաննա Անդրեասյանն ընդունել էր բողոքող ուսուցիչներին։

  • Կիսվել: