Ատեստավորմանը մասնակցել է 12 մարզաձևի ներկայացուցիչ
Գործադիրը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Որոշման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական, ինչպես նաև արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի առնչությամբ նշել է, որ վերջնական նպատակն է ունենալ գույքի ֆինանսների կառավարման շատ ավելի արդյունավետ մոդել, որը կլինի ավելի քիչ ծախսատար և ավելի շատ արդյունք տվող. «Այդ իմաստով կարծում եմ համայնքների շահերից էլ է բխում, որ իրենց գույքի ֆինանսական միջոցներն արդյունավետ տնօրինվի և կառավարվի: Այդտեղ պետք է ստանդարտի բերենք վիճակը: Գործառնական, վարչատնտեսական պրոֆիլային մենեջմենթը լրիվ պետք է տարանջատել»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2023 թվականից արտադպրոցական կրթության ոլորտում ներդրված կամավոր ատեստավորման մեխանիզմին և նշել. «Առաջին անգամ իրականացրեցինք այս ոլորտում կամավոր ատեստավորման գործընթացը: Նախորդ տարի էապես ընդլայնել ենք շրջանակը: Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևի ներկայացուցիչները՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո. այս ուղղության մարզիչները: Եվ արվեստի ոլորտում 8 ուղղություններով՝ դաշնամուր, երաժշտության տեսություն, ազգային նվագարաններ, փողային նվագարաններ, լարային նվագարաններ, դասական լարային գործիքներ, կերպարվեստ և կիրառական արվեստ: Եվ պետք է նշեմ, որ 2024-ին 465 մանկավարժ և մարզիչ մասնակցել է՝ նախորդ տարվա ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից: Պետք է հիշեցնեմ՝ 60, 80 և 100 հազար դրամի չափով՝ կախված իրենց արդյունքներից: Սա էլ լրացուցիչ քաղաքականություն է՝ ուղղված արտադպրոցական կրթության զարգացմանը, որովհետև ոլորտում մասնագետների ներգրավման խնդիրներ ունեինք: Նաև աջակցություն է համայնքներին, որովհետև այն պարագաներում, երբ համայնքային բյուջեն հնարավորություն չի տալիս վարձատրության համակարգը բարելավել՝ պետական ծրագրով կա հնարավորություն թե՛ մասնագիտական զարգացում ապահովել և թե՛ նաև վարձատրության խրախուսում ստանալ պետության կողմից: Ուրախ եմ, որ նաև արձագանքը գտնում է ծրագիրը, և հուսամ այս տարի ավելի մեծ մասնակցություն կունենանք»: