երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Վարորդների բողոքի ակցիան ավարտվեց․ Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է

Վարորդների բողոքի ակցիան ավարտվեց․ Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է

Գործադուլ հայտարարած ավտոբուսի վարորդները, որոնք այսօր հրաժարվել էին երթուղի դուրս գալ, քիչ առաջ դադարեցրին բողոքի ակցիան: Նրանք հայտարարեցին, որ իրենց խնդիրներին լուծում է տրվել։

Քաղաքապետարանի պաշտոնյայի հետ Ջրվեժի ավտոպարկում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարվեց, որ խնդիրները լուծվել են եւ վարորդները երթուղի են դուրս գալիս:

Վարորդներից մեկը լրագրողներին հայտնեց, որ իրենց խնդիրները 99 տոկոսով լուծվել են։ «Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու,  զուգարանների հարցը լուծվելու է, վարորդի վրա մուննաթ չեն գալու՝ ստեղ կպահես»,–ասաց նա, սակայն չհրապարակեց, թե որքան է բարձրանալու աշխատավարձը։

«Մեր պահանջներն են գազի հարցերը, աշխատավարձը, մարդկային պայմանները, վարորդին հարգելը։ Ասում են՝ 260 հազար դրամ աշխատավարձ, 14 օր որ ես աշխատեմ, դրանով ընտանիք չեմ կարող պահել։ Հիմա եթե բախտ է լինում, 22 օր աշխատում եմ և ստանում եմ 120 հազար դրամ, գումարած օրական էլ 7-8 հազար դրամ դնում եմ «ջեբս», գնում եմ տուն»,-ասաց վարորդներից մեկը։

Նա նշեց, որ իրենք նախևառաջ պահանջում են նորմալ աշխատավարձ։ «Հիմա մենք ցանկանում ենք 350 հազար դրամ, քանի որ մի կգ խոզի միսը 4 հազար դրամ է դարձել, իսկ վարորդը, որ փլավ ուտի, չի կարող քշել։ Ես նախկինում ընդհանուր 350 հազար դրամ եմ ստացել, այդքան գումար իմ բյուջե մտել է, էսօր 260 հազար դրամ է մտնելու։ Մենք սա չենք անում մեր գրպանների համար, մեր ազգի համար ենք անում»,-ասաց նա և նշեց, որ իրենք դեմ չեն կառավարությանը, վարչապետին, քաղաքապետին։

 

  • Կիսվել: