երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արտերկրում ստացած և վճարված եկամուտների հարկի տարբերությունը որոշակի ժամանակով Հայաստանում չի հարկվի

Արտերկրում ստացած և վճարված եկամուտների հարկի տարբերությունը որոշակի ժամանակով Հայաստանում չի հարկվի

Վերջին օրերին բողոքներ կային արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում: Մեր օրենսդրությունը շատ վաղուցվանից նախատեսում է, որ արտագնա աշխատանքի մեկնողները նույնպես եկամտային հարկ պետք է վճարեն աշխատանքի երկրում և ՀՀ-ում առկա եկամտային հարկի տարբերության չափով, բայց դա չի իրականացվել: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 23-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին խնդրեց պարզաբանել՝ ինչ է այժմ փոխվել, և ինչին են վերաբերում բողոքները:

Բադասյանը հիշեցրեց, որ ՀՀ հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում գործել է հետևյալ կանոնը, որ ՀՀ ռեզիդենտը վճարում է թե՛ ՀՀ-ում ստացած եկամուտները, թե՛ արտերկրում:

«Իհարկե, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով կան բացառություններ, և ինչպես նշեցիք, որևէ մեխանիզմ չի եղել՝ այդ պարտականությունը կյանքի կոչելու:

Մենք 2020 թվականին ԱՊՀ շրջանակներում միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմիններն իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացված եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին, և առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը: Եվ ինչպես պահանջում է Հարկային օրենսգիրքը, սկսել ենք մեղմ վարչարարություն իրականացնել, մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա պարտավորությունների մասին»,- ասաց նա և հիշեցրեց, որ ՌԴ-ում 13 տոկոս է վճարվում պետբյուջե:

Փաշինյանը արձագանքեց, այսինքն՝ եթե քաղաքացին արտագնա աշխատանքի է մեկնել, և 100 դրամ է աշխատել, դրանից 13 դրամը վճարել է ՌԴ պետական բյուջե, ապա 7 դրամը՝ տարբերությունը, պետք է վճարի ՀՀ պետական բյուջե, քանի որ ՀՀ-ում 20 տոկոս է հարկվում:

Բադասյանը նաև նշեց, որ այս մասով օբյեկտիվ դժգոհությունն այն է, որ եթե չգրանցված աշխատանք է եղել, ապա տեղեկությունը ՀՀ-ն չէր ստանալու, հետևաբար լրացուցիչ հարկային պարտավորություններ չէին առաջադրվելու: Ու քանի որ սովորույթի ուժով երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել, ուստի այժմ պետք է մեխանիզմներ ներդրվեն, և փուլ-փուլ վճարվեն գումարները:

«Կառավարության գործընկերների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրահանգման, որ եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտարերկրյա երկրում ստացած երկամտի և վճարված եկամուտների հարկի մասին, ապա տարբերությունն առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պետք է հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունք փոխել, և որ չպետք է արձագանքել այն դժգոհություններին, թե ինչու պետք է հարկ վճարենք: Վարչապետը խնդրից խոսեց Գեղարքունիքի մարզի օրինակով, բայց նշեց, որ նույն արձագանքը կարող է լինել նաև բոլոր մարզերի բոլոր հայրենակիցներին:  

«Ամեն իրավիճակում կարող են լինել օբյեկտիվ բողոքներ, և մենք պարտավոր ենք այդ օբյեկտիվ բողոքներին և դիրքորոշումներին արձագանքել, բայց ուզում եմ ասել, որ նաև Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են ՀՀ և, մասնավորապես, Գեղարքունիքի մարզ, մեր հայրենակիցները, որոնք գնացել-եկել են, պիտի որ նկատած լինեն, որ նույն Գեղարքունիքի մարզի ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: 2018-ից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել, ու սա՝ միայն պետական ծրագրերով: Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե այս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում և այլն»,- ասաց նա և հիշեցրեց, որ Մարտունիում ժամանակակից սարքավորումներով բուժկենտրոն է զրոյից կառուցվել, ապա թվարկեց նաև բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվել են Մարտունի համայնքում:

  • Կիսվել: