կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտաքին առևտրի ազգային 1 պատուհան էլեկտրոնային հարթակում կներդրվի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ

Արտաքին առևտրի ազգային 1 պատուհան էլեկտրոնային հարթակում կներդրվի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ

ՀՀ վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 02/16.11/39269-2022 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, ինչը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշումն ընդգրկված էր Կառավարության՝ հուլիսի 13-ի չզեկուցվող հարցերի ցանկում:

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի շրջանակներում ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ այսուհետ հայտատուների կողմից դիմումների ներկայացման և ապրանքների ներմուծման, տարանցման և արտահանման անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով: Սույն նախագծի շրջանակներում հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ կարող է խափանվել էլեկտրոնային համակարգը կամ արտահանվող երկիրը պահանջի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի թղթային տարբերակը։

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար: Միաժամանակ ապահովելով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի կամ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, իրավական կարգավորում է տրվել նաև էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի բավարարման դեպքերին՝ չխոչընդոտելով տնտեսվարողների գործունեությունը։

 

  • Կիսվել: