երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արտակարգ իրավիճակ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել

Արտակարգ իրավիճակ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա. Սարգսյանը:   

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ տղամարդը զինված է նռնակով կամ նռնակներով: Պարեկները ամբողջ տարածքը սահմանազատել են և անցել են ուժեղացված ծառայության:  

Այս պահին բանկի ներսում տղամարդու հետ ոստիկանները բանակցություններ են վարում, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի:

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ կժամաներ օպերատիվ խումբը:

Քիչ առաջ ոստիկաններին հաջողվեց զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Արամայիս Բաբայանի, Օգսեն Հարությունյանի և հատկապես կարրևոր գործերով ավագ քննիչներ Վազգեն Բադալյանի ևՀովհաննես Թաթոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը:  

  • Կիսվել: