ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. «ԶԻԼ»-ը կողաշրջվել ու բռնկվել է. ժամանել են հրշեջ-փրկարարները

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. «ԶԻԼ»-ը կողաշրջվել ու բռնկվել է. ժամանել են հրշեջ-փրկարարները

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի և Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյաի գլխավորությամբ:
 

Ըստ նախնական տեղեկությունների՝ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել ու բռնկվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: