հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. Ford Transit-ում առաջացած հրդեհը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի

Արտակարգ դեպք Երևանում. Ford Transit-ում առաջացած հրդեհը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա - Մոլդովական փողոցի խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները սեփական ուժերով փորձել են մարել կրակը, սակայն այն շատ արագ տարածվել է ամբողջ մեքենայով մեկ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտավազդ Հովհաննիսյանն ու Վահագն Հախվերդյանը:

Պարկեներն ու ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Կրակը մարվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների, բարեխտաբար, տուժածներ չկան:

Նոր-Նորքի ոստիկաններն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 

  • Կիսվել: