երեքշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. ավագ և կրտսեր պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ թիվ 20 երթուղու ավտոբուսը մոխրակույտի չվերածվեց

Արտակարգ դեպք Երևանում. ավագ և կրտսեր պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ թիվ 20 երթուղու ավտոբուսը մոխրակույտի չվերածվեց

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։20-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Արմեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Ապրեսյանը ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց, նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված ավտոբուսում ծուխ է նկատվում:

Ավագ պարեկն ու կրտսեր պարեկը շտապ մոտենում են ավտոբուսին և իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչը (oгнетушитель) և կարողանում են արագ մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերում, որոնցից մեկին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին.

«Չենք էլ զգացել, թե ոնց ա կրակը առաջացել, ուղղակի ավտոբուսում ծուխ լցվեց, հետո տեսանք, որ պարեկները մոտեցան և իրենց ավտոմեքենայից դուրս բերեցին ինչ-որ կարմիր գույնի սարք ու սկսեցին փչել «մատոռի» մոտ առաջացած կրակի վրա:

Ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր կար, 2 հոգու ինքնազգացողությունը վատացավ, իրենց էլ շատ արագ բուժօգնություն ցուցաբերեցին շտապօգնության բժիշկները, որոնցից մեկը հրաժարվեց գնալ հիվանդանոց, մյուսին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին:

Լավ էր, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, չկանգնեցներ ավտոմեքենան, պարեկներն էլ շատ արագ չհանգցնեին կրակը, չի բացառվում, որ ավտոմեքենայում կրակը տարածվեր ու այն վերածեր մոխրակույտի ու հետևաքններն ավելի ցավոտ լինեին»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, և սպասարկում է թիվ 20 երթուղին:

  • Կիսվել: