երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Art Nexus». գործարկվել է մշակույթի ոլորտում հայ-շվեդական գործընկերության զարգացման նոր հարթակ

«Art Nexus». գործարկվել է մշակույթի ոլորտում հայ-շվեդական գործընկերության զարգացման նոր հարթակ

Շվեդական «Art Nexus» ծրագրի շրջանակում փետրվարի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ինչպես զարգացնել Հայաստանի ստեղծարար ոլորտը և աջակցել արվեստագետներին և մշակութային գործիչներին» թեմայով երկխոսության հարթակը:

Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: Քննարկմանը մասնակցել են մշակույթի, արվեստի ոլորտների հայաստանյան ներկայացուցիչներ:

 

«Art Nexus»-ը շվեդական նախաձեռնություն է, որը միտված է Հայաստանի և Շվեդիայի միջև արվեստի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը՝ նպաստելով հետագա ծրագրերի ձևավորմանն ու ընդլայնմանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է քննարկումների ձևաչափով, որի նպատակն է խրախուսել ՀՀ մշակույթի ոլորտում կարողությունների զարգացումը, շարունակական երկխոսության կայացումը՝ պետական և ոչ պետական գործընկերների միջև մշակույթի զարգացման համատեքստում:

Խոսելով ծրագրի կարևորության մասին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ այն միտված է նպաստելու մշակույթի ոլորտում առկա ծրագրերի համադրմանը, առաջնահերթությունների կյանքի կոչմանը և հայ-շվեդական համագործակցության խորացմանը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը»՝ ընդգծելով, որ այն ուղենշային փաստաթուղթ է ոլորտի զարգացման համար:

«Շատ կարևոր է ռեսուրսների համադրման խնդիրը՝ հատկապես մշակույթի ոլորտում: ՀՀ կառավարությունը ոլորտին տրամադրում է աննախադեպ պետական հատկացումներ, սակայն մշակույթի ոլորտում նոր միջոցների ներգրավման կարիք կա: Այս համատեքստում ուզում եմ առանձնացնել գործընկերային «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագիրը, որում առկա են շատ կարևոր  նպատակադրումներ, որոնք արտացոլված են մշակույթի 2023-2027 թթ. ռազմավարության մեջ կամ համահունչ են ռազմավարության վերջնարդյունքներին: 2022 թվականի տարեվերջին վավերացրել ենք նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը, և առաջիկայում կստեղծվի սերտ համագործակցության հնարավորություն եվրոպացի և հայաստանյան ստեղծագործողների միջև: Բազմաթիվ գործընկերային և համագործակցային ծրագրերի համայնապատկերում իր ուրույն տեղն ունի «Art Nexus» ծրագիրը. այն վստահաբար նոր խոսք և կարևոր հարթակ կլինի ինչպես գործող ծրագրերի փոխլրացման, այնպես է հայ-շվեդական գործընկերության զարգացման համատեքստում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ այս ծրագրի շնորհիվ հայ-շվեդական ներկապնակը կհարստանա ևս մի կարևոր բաղադրիչով՝ մշակույթի ոլորտում կարևոր համագործակցությամբ: 

 
 

ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ ծրագիրը միտված է հայ- շվեդական մշակութային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: 

 

«Art Nexus» ծրագրի ղեկավար Լիվ Վեյսբերգը ներկայացրել է ծրագրի մասնրամասները, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտում Շվեդիայի պետական քաղաքականությունը: Այնուհետև միոցառման մասնակիցներն ու բանախոսները հարց ու պատասխանի ձևաչափով քննարկել են ծրագրին վերաբերող մի շարք հարցեր:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը փետրվարի 20-ն ընդունել է Հայաստանում «Art Nexus» ծրագրի ղեկավար Լիվ Վեյսբերգին, ծրագրի համակարգող Նյուշա Խանմոհամադին, ծրագրի ազգային խորհրդատու Լիլիթ Գրիգորյանին: Հանդիպմանը քննարկվել են «Art Nexus» ծրագրի ներդրումը Հայաստանում և համագործակցության հնարավոր ուղիները:

  • Կիսվել: