երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան. ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրենը՝ Ավանեսյանին

Առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան. ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրենը՝ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին` ի դեմս ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի:
 
Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
 
Խոսելով ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման մասին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է ՀՀ ազգային օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքը, ինչը վկայում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության մասին:
 
Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը նշել է, որ առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան, և Հայաստանի փորձառությունը ԵԽ անդամ երկրների համար:
 
Անդրադարձ է եղել հոգեկան առողջության պահպանմանը, ինչպես նաև` քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
 
Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:

  • Կիսվել: