«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը
Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի է ունեցել Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեդ Քոչարյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Երևանի «Գլաձոր» համալսարանում Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման կապակցությամբ` նշելով, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի մեր գիտակրթական միջավայրի համար։
Նա անդրադարձել է Հայաստան-Իրան դարավոր կապին, ժողովուրդներին միավորող պատմական ընդհանրություններին, մշակութային հարուստ ժառանգության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններին:
«Մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամենավառ արտահայտություններից են։ Համատեղ ջանքերով իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց շնորհիվ ձևավորվել է հաջողված փորձ ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտներում։ Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել են Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության մաս կազմող Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ծոր Ծոր վանքերը։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում իրանական կողմին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր ցանկում հայկական ժառանգության ներառմանն աջակցելու և այդ հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար: Համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումներից է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում «Սուրբ Թադեի վանքի ուխտագնացության» ընդգրկումը, ինչպես նաև նոր համատեղ հայտերի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- նշել է նախարարի տեղակալը։
Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի համատեքստում նախարարի տեղակալը շոշափելի դրսևորումներից է համարել նաև իրանցի ժողովրդական վարպետների և արհեստագործների մասնակցությունը Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվող Արհեստների միջազգային ամենամյա փառատոնին։
Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրել է՝ 2025 թվականին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հատկանշական է, որ Մատենադարանի արևելագիտության բաժնում ներգրավված են հինգ իրանագետ, իսկ թանգարանի հիմնական ցուցադրությունում ներկայացված են պարսկերեն ձեռագրերի արժեքավոր նմուշներ։
«Համոզված եմ, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը կարևոր կամուրջներ են ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման, իսկ ակադեմիական երկխոսությունը կարող է նշանակալի ներդրում ունենալ նաև միջպետական և դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհավորում եմ բոլորիս կենտրոնի հիմնադրման կապակցությամբ՝ մաղթելով, որ այն դառնա գիտական նոր նախաձեռնությունների, արդյունավետ համագործակցության և նշանակալի ձեռքբերումների կենտրոն»,- եզրափակել է Ալֆրեդ Քոչարյանը:



