Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում էր
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարության ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, մասնավորապես, Արթիկում նոր հիվանդանոց կառուցելուն, մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչպես նաև Գյումրու թիվ 1 և 2 պոլիկլինիկաների վերանորոգման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Նախարարը հետաքրքրվել է Աշոցքի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունների վերականգնման, ինչպես նաև Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքով՝ բարձր գնահատելով երկու հարցում էլ մարզպետի ջանքերն ու խնդրի կարգավորմանը միտված քայլերը։
ՀՀ առողջապահության նախարարն ու Շիրակի մարզպետը այցելել են «Գյումրի բժշկական կենտրոն»։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայությունների որակին։ Անդրադարձ է կատարվել նախորդ տարի ներդրված և լիարժեքորեն գործող կաթվածի պետական ծրագրին, որի շրջանակներում կենտրոնում գործում է կաթվածի նորագույն բուժման երկու մեթոդ՝ դեղորայքային և վիրահատական, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար է և հասանելի։ Մայրաքաղաքից հետո, Շիրակի մարզն առաջինն է, որտեղ Կաթվածի խորհրդի համաձայնությամբ, օժանդակությամբ և պետական ֆինանսավորմամբ իրականացվել է այն։
Նախարարին և մարզպետին է ներկայացվել հիվանդանոցի զարգացման ծրագիրն ու առաջիկա անելիքները, քննարկվել են խնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները։



