ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր, և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները». Առողջապահության փորձագետ

Առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր, և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները». Առողջապահության փորձագետ

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրավիրել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների տնօրենների ուշադրությունը:

Դիմելով նրանց՝ նա գրել է. ՛՛Այսօր Ազգային ժողովում ընդունվեց օրենք «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ, համաձայն որի, ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման:

Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը:

Ստացվում է, որ 5 տարին մեկ առողջապահության նախարարութան կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին համահունչ տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ.

Բուժհիմնարկների և դեղատների լիցենզավորման պահանջների և պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այսինքն այս կառույցի անգործության պանճառո՞վ Է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու:

.Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները բերելու են ուղղորդված մոտեցման: Ու՞մ բիզնեսի զարգացմանն է սա ուղղված:

. Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները և դեղատները լիցենզավորվում են մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչու՞ 2022թվականից առ այսօր բժիշկները, բուժքույրերը, դեղագետները և դեղագործները «վազում» են հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը:

.Գուցե սկզբից վերանայվե՞ր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր օրինակ մետաղյա շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետր և այլն: Այս փոփոխությունը բերելու է նրան, որ առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության՛՛:

 

  • Կիսվել: