Արմավիրում գողացել են ՌԴ քաղաքացու «Rolls-Royce»-ը․ 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Հունիսի 24-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Ժորա Գ․-ն հունիսի 23-ի ժամը 01։20-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան 14 հասցեում գործող «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հոթելից չարաշահելով հյուրանոցի աշխատակցի վստահությունը խաբեությամբ վերցրել է ՌԴ քաղաքացի 32-ամյա Քրիստինե Պ․-ին պատկանող «Rolls-Royce» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի բանալիները, որը հյուրանոցում աշխատակցուհու մոտ է թողել վերջինիս բարեկամուհի Գիա Ս․-ն և գողացել ավտոմեքենան։
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Ասրյանի գլխավորությամբ, հայտնաբերել և բաժին են հրավիրվել Ժորա Գ․-ին՝ «Rolls-Royce» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանող հատուկ տարածք։Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ժորա Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։