Արմավիրի պետական քոլեջի նախկին տնօրենն ապօրինի կերպով յուրացել է շուրջ 1 միլիոն 600 հազար դրամ. հարուցվել է քրգործ (տեսանյութ)
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-ից 2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ դպրոցի պահակ հրամանագրված եւ դարձյալ աշխատանքի չներկայացած մի կնոջ անվամբ եւս աշխատավարձեր են դուրս գրվել։ Ապօրինությունների հետեւանքով յուրացվել է ընդհանուր 1 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։



