հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը Բամբակաշատում քննարկել է ներհամայնքային կարևորության խնդիրներ

Արմավիրի մարզպետը Բամբակաշատում քննարկել է ներհամայնքային կարևորության խնդիրներ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր խոշորացված համայնքի Բամբակաշատ բնակավայր: Մարզպետի այցը մեկնարկել է բնակավայրի կենտրոնում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բամբակաշատցի Յուրիկ Գուլաբյանի, Ռազմիկ Մադաթյանի և Հակոբ Պռոշյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին ծաղկեդրմամբ:

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել վարչական միավորի ղեկավար կազմի և բնակչության հետ, քննարկել ներհամայնքային կարևորություն ունեցող խնդիրներն ու պատասխանել բամբակաշատցիներին հուզող հարցերին:

Բնակավայրում հիմնականում դրական գնահատելով սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ընդհանուր վիճակը՝ մարզպետն առանձնացրել է ոռոգման համակարգի արդիականացման խնդիրը՝ տեղեկացնելով, որ Մեծամոր խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բամբակաշատում, համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով նախատեսված է 18 ոռոգման խորքային հորի վերականգնում:

Անդրադառնալով բնակավայրում առկա ընթացիկ խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դրանք ամբողջությամբ գույքագրված են, առաջնահերթության կարգով լուծում պահանջող հարցերն էլ քննարկվել են վարչական միավորի ղեկավար կազմի հետ:

«Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին տարիներին պետությունը լուրջ միջոցներ է ուղղում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Այս տեմպերով կարող ենք գնահատել, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում բնակչության համար կենսական նշանակության խնդիրները՝ որպես այդպիսին, լուծված են լինելու»,- ընդգծել է մարզպետը՝ այդ համատեքստում կարևորելով նաև բնակիչների կողմից հարկերի բարեխիղճ վճարումը:

Նշենք, որ հանդիպման շրջանակում Էդվարդ Հովհաննիսյանն առանձնազրույց է ունեցել սույն թվականի 9-14-ը Ռումինիայի Հանրապետության Բուխարեստ քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում պատվաբեր հաղթանակ գրանցած բամբակաշատցի Արսեն Խաչատրյանի հետ:

Մարզպետը շնորհավորել է բազկամարտիկին և մարզաձևը ներկայացնող տարբեր մրցաշարերում լավագույն մասնակցության, Հայաստանի և հայրենի մարզի պատիվը բարձր պահելու համար շնորհակալագիր հանձնել:

  • Կիսվել: