կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արմավիրի մարզպետն այցելել է Արաքս համայնք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին

Արմավիրի մարզպետն այցելել է Արաքս համայնք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի ​աշխատակազմի և համայնքա­պետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելել է Արաքս համայնք՝ ծանոթանա­լու համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Ջրառատ բնակավայրում այցելեցի մանկապարտեզ և մշակույթի տուն։

Մանկապարտեզում իրականացվել է շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 195 մլն դրամ է, որի 70%-ը ֆինանսավորում է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով:

Ջրառատ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 110 մլն դրամ է` 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, մարզական օբյեկտների շինարարության ծրագրով 2021 թվականին մեկնարկել և շարունակվում է Ջրառատ բնակավայրի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները։

Մարզադպրոցում ծանոթացա կատարված շինարարական աշխատանքներին, հետագա ընթացքին։

Հաջորդիվ այցելեցի Արաքս գյուղի պոմպակայան, որը նույնպես կառուցվում է պետական համաֆինանսավորման ծրագրով։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 90մլն դրամ է` 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Դիտարկեցի նաև Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 59 մլն դրամ է:

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Շինարարական բոլոր օբյեկտներում զրուցեցի շինարարների հետ` կարևորելով աշխատանքների բարձր որակը և ժամկետների պահպանումը:

Աշխատանքային այցի վերջում համայնքի ղեկավարի հետ այցելեցինք համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, քննարկեցինք առաջիկա ծրագրերն ու անելիքները՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: