չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Արցախից բռնի տեղահանված շուրջ 8300 ընտանիք տուն ձեռք բերելու հավաստագիր է ստացել

Արցախից բռնի տեղահանված շուրջ 8300 ընտանիք տուն ձեռք բերելու հավաստագիր է ստացել

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված բնակապահովման պետական ծրագրի շրջանակում մինչ այս պահը շուրջ 8300 հավաստագիր է տրվել, որոնցից մոտ 4600-ն արդեն իրացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
 
Միջին հաշվարկով՝ հավաստագրեր ստացած ընտանիքներն ունեն 4-5 անդամ, ստացվում է, որ պետության աջակցությամբ 33200-37350 արցախցի ՀՀ-ում անշարժ գույք է ձեռք բերել կամ այդ ճանապարհին է։ Ըստ Ղարագյոզյանի՝ այս պահին շուրջ 70 տուն կառուցապատման փուլում է։
«Այս փուլում ցուցանիշները բավարար են, նաև արագ աճի միտում կա»,- նշում է նախարարության ներկայացուցիչը։
 
Հավաստագրերի ամենամեծ տոկոսն իրացվել է Կոտայքի մարզում (28%), երկրորդ տեղում Արմավիրն է (17%), երրորդում՝ Արարատը (14%)։ Հաջորդում է Երևանը (11%), ապա՝ Լոռին (9%), Սյունիքը (6%), Գեղարքունիքն ու Շիրակը (յուրաքանչյուրում՝ 4%)։ Ամենացածր ցուցանիշներն Արագածոտնում են (3%), Տավուշում (2,4%) և Վայոց Ձորում (1,6%)։
Ղարագյոզյանի խոսքով՝ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ստացված հավաստագրերի քանակը կլինի շուրջ 10 հազար, իսկ իրացվածները՝ 6000-ին մոտ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ավարտին ակնկալվում է այս թիվը հասցնել 15 հազարի։ Գայանե Ղարագյոզյանը վստահ է՝ այս թիվն իրատեսական է, ծրագրի բարեփոխումների արդյունքում, ըստ նրա, օբյեկտիվ խոչընդոտները վերացված են։
Սոցապնախարարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ թեպետ կառավարության որոշումը հաստատվել էր 2024թ․ մայիսին, բայց ծրագիրը կառուցողական փուլ մտավ միայն 2025թ․ կեսերից, երբ ծրագրում կատարվեցին բարեփոխումներ։ Եթե մինչ այդ ծրագիրը միայն կոնկրետ սոցիալական խմբի ընտանիքների համար էր (հաշմանդամություն ունեցող անդամ, 3 և ավելի երեխա և այլն – խմբ․), դրանից հետո ծրագիրը դարձավ բոլորի համար։ Իսկ 2026թ․ մարտից վերանայվեցին աջակցության չափերը և բոլոր մարզային բնակավայրերը (բացառությամբ Երևանի և այն բնակավայրերի, որտեղ 5 մլն է գումարը– խմբ․) դարձավ 4 մլն դրամ։
Ղարագյոզյանի խոսքով՝ այս փուլում ևս որոշակի խնդիրներ, միևնույն է, լինում են։
«Մասնավորապես, գլխավոր խնդիրն այն է, որ շահառուներից շատերը նախընտրում են Երևանը, իսկ այստեղ աջակցության չափը 3 մլն դրամ է։ Փոքր կազմով ընտանիքների դեպքում, թեպետ մեծ կազմի դեպքում էլ, իրատեսական չէ առանց հավելյալ միջոցների ներգրավման ձեռք բերել գույք։ Իսկ մարզային բնակավայրերում գույքի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չկան»,- նշում է Ղարագյոզյանը՝ հիշեցնելով, որ ծրագրի ևս մեկ պայման կա՝ նվազագույնը 9 քառակուսի մետր բնակմակերես ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։
 
Ղարագյոզյանի խոսքով՝ իրացված հավաստագրերի 60 տոկոսի դեպքում լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման կարիք շահառուները չեն ունեցել, այսինքն՝ տուն են ձեռք բերել կամ կառուցել 100 տոկոս սուբսիդավորմամբ։
 
«Ավելին, նրանց կեսից ավելին դրական մնացորդ ունի, այսինքն՝ գույքն ավելի պակաս արժեքով է ձեռք բերել։ Այս դեպքում տարբերությունը կարող են օգտագործել, օրինակ, գույքը վերանորոգելու համար, կամ կենցաղային տեխնիկա և կահույք ձեռք բերելու, կամ գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Բավականին ակտիվ ունենք իրացումներ այստեղ։ Օրինակ` կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար արդեն շուրջ 1 միլիարդ 343 միլիոնին հասնող գումար ենք վճարել, գումարն այս դեպքում միանգամից փոխանցվում է խանութի հաշվին։ Ունենք բազմաթիվ շահառուներ, որոնք վերանորոգման վարկեր են ստացել»,- նշում է Ղարագյոզյանը։
40 տոկոս դեպքերում լրացուցիչ միջոցների կարիք եղել է, քանի որ շահառուները նախընտրել են բնակարան ձեռք բերել Երևանում կամ երևանամերձ համայնքներում, որտեղ ևս անշարժ գույքի գները բարձր են։ Այնուամենայնիվ, եթե շահառուն որոշում է Երևանում կամ երևանամերձ տարածքում բարձր արժեք ունեցող գույք ձեռք բերել, դրա իրավունքը կա։ Օրինակ, Երևանում (բացառությամբ առաջին և երկրորդ գոտիների, այսինքն՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների– խմբ․) կարող են ձեռք բերել 55 մլն դրամ արժողությամբ ցանկացած անշարժ գույք՝ ստանալով յուրաքանչյուր անձի հաշվով 3 մլն դրամի հատուցում։
 
Բնակապահովման գործընթացի դանդաղ ընթացքի պատճառներից մեկն էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն է, որը ևս որոշակի ժամանակ է պահանջում։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործընկերների հետ փորձում են այնպիսի ընթացակարգեր ներդնել, որ գործընթացն արագանա։
 
ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո հաջորդ քայլը բնակապահովման ծրագրին դիմելն է։ Դրանց հետո մերժումների պատճառները տարբեր են․ ըստ Ղարագյոզյանի՝ ամենաթեթև և հեշտ շտկելի պատճառը քաղաքացիությունն է։ Ամենից հաճախ հանդիպող պատճառը, երբ ընտանիքի չափահաս անդամներն ունեն քաղաքացիություն և չեն իմացել, որ անչափահաս անդամի համար ևս պետք է դիմել ու ստանալ։ Երբ ծրագիրը նրանց մերժում է, դիմում են արդեն ծնողի հիմքով։ Այդ դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալն ավելի արագ է լինում։
 
«Ունենք նաև մեծ քանակի մերժումներ, երբ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՆԳՆ ՄՔԾ տեղահանվածների շտեմարանում։ Այսինքն՝ տեղահանված լինելու վերաբերյալ փաստը չի արձանագրվել այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով»,- նշում է Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ այս նպատակով էլ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն է։ 1 կամ 2 ամիսը մեկ անգամ նիստ է գումարվում` քննարկելու այն ընտանիքների դիմումները, որոնք մերժվել են հենց այդ հիմքով։
 
«Ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ առ այն, որ տեղահանումից առնվազն մեկ տարի առաջ նրանք եղել են Արցախում, պարզապես ինչ-որ պատճառով այդ փաստը չի արձանագրվել։ Հիմքերի բավարար լինելու պարագայում հանձնաժողովը նրանց շնորհում է ծրագրի շահառուի կարգավիճակ»,- նշեց նախարարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք` դեռ անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այլընտրանք է առաջարկվում այն ընտանիքներին, որոնք բաղկացած են մինչև 3 անդամից և ունեն խոր կամ ծանր հաշմանդամության կարգ կամ 60 և ավելի բարձր տարիքի են։
 
Ըստ նրա` եթե այս ընտանիքները հավաստագիր ստանալու համար բավարարում են կառավարության առաջարկած բոլոր պայմաններին (որոնք հիմնականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն ունենալուն), սակայն նրանց գումարը չի բավարարում, ապա այս ընտանիքներին հնարավորություն է ընձեռվում գրանցվել նախարարության սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում։ Քանի դեռ սոցիալական բնակարանային ֆոնդը համալրված չէ նոր բնակարաններով, նրանց վարձավճարի մասնակի փոխհատուցում է տրվելու 40 հազար դրամի չափով, 10 տարի ժամանակով։

  • Կիսվել: