հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը:

 

Նամականիշի վրա պատկերված է հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, որը 2021թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ այս իրադարձությունը կրկնակի ուրախալի է, քանի որ նամականիշի վրա ներկայացված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակրի պատկերը:

«Պարոն Պատապուտյան, ողջունում եմ Ձեզ: Ուրախ եմ, որ հյուրընկալվել եք Հայաստանում, հատկապես այդ իրադարձությունից հետո: Մեզ համար մեծ պատիվ է: Նաև պատիվ է, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկի վրա, այս դեպքում՝ նամականիշի վրա Ձեր պատկերն է: Այս օրը, կարծում եմ, հիշարժան կլինի ոչ միայն այստեղ ներկա գտնվողների, այլ նաև ֆիլատելիստների համար, որոնք մեծ սիրով իրենց հավաքածուներում կունենան այս նամականիշը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նամականիշը մարել են Արայիկ Հարությունյանը, Արտեմ Պատապուտյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: Այն տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 20 000 տպաքանակով:

  • Կիսվել: