կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արաքսիա Սվաջյանը Ծաղկաձորի դպրոցում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներին

Արաքսիա Սվաջյանը Ծաղկաձորի դպրոցում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Այդ մասին ԿԳՄՍ նախարարությունը տարածել է հաղորդագրություն:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

Դպրոցի տնօրեն Արմենուհի Ասատրյանի խոսքով՝ դպրոցն ունի 127 աշակերտ, որոնց այս պահին միացել է արցախցի 55 աշակերտ: Շարունակական աշխատանքներ են տարվում համայնքում բնակություն հաստատած մյուս երեխաներին ևս դպրոց ներգրավելու ուղղությամբ: Համայնքապետարանի աջակցությամբ դպրոցն առաջիկայում կհամալրվի նոր գույքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել նոր աշակերտների կրթության շարունակականությունը: Ծաղկաձորի դպրոցում այս պահին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված երեք մանկավարժ է աշխատում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, ծանոթացել աշակերտներին, զրուցել նրանց հետ, խոսել նրանց հիմնական խնդիրներից: Փոխնախարարը մասնավորապես հետաքրքրվել է՝ որտեղ են բնակվում երեխաները, ինչպես են կարողանում հասնել դպրոց, ունե՞ն արդյոք դասագրքեր ու անհրաժեշտ պարագաներ:

«Դուք այստեղ ձեր ընկերների հետ եք, որոնք պատրաստ են միշտ օգնել ցանկացած հարցում: Պետք է լավ սովորեք, որովհետև միայն կրթությամբ և լավ սովորելով կարող ենք ուժեղանալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով աշակերտներին:

Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նաև Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում աշխատող՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների հետ: Մանկավարժներից մեկը դասավանդում է «Պատմություն», մյուսը՝ «Մաթեմատիկա», իսկ երրորդը դասվար է: Մանկավարժների խոսքով՝ դպրոցում աշխատանք գտնելը նրանց օգնում է գոնե ժամանակավոր անտեսել դժվարությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է մանկավարժներին Ուսուցչի տոնի կապակցությամբ և նշել. «Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է, և անչափ կարևոր է, որ անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ ձեր մեջ ուժ եք գտել աշխատելու և շարունակելու ուսուցչի առաքելությունը: Ուսուցիչն ինքը հաճախ չի էլ պատկերացնում, թե ինչ ահռելի գործ է անում և ինչ մեծ դեր ունի հասարակության մեջ: Մենք ձեր կողքին ենք և ամեն կերպ աջակցելու ենք աշխատանքի և ադապտացման հարցերում»:

Ուսուցիչների հետ զրույցում նախարարի տեղակալն անդրադարձել է նրանց հուզող մի շարք խնդիրների, մասնավորապես ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսուցչի դրույքաչափի բեռնաթափման մեխանիզմը:

 

  • Կիսվել: