Ծաղկաձորում վերաբացվել է Ծաղկունյաց հրապարակը․ Գևորգ Պապոյանը մասնակցել է հանդիսավոր բացմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը։ Հրապարակի վերակառուցումն իրականացրել է New City Projects ընկերությունը՝ կատարելով 220 միլիոն դրամի ներդրում։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։
Նախարարը շնորհավորել է Ծաղկաձորի բնակիչներին քաղաքի օրվա առթիվ՝ ընդգծելով, որ մարզերում տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ Կառավարության տնտեսական քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։
«Մենք կարևորում ենք ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ դրանք նպաստում են ենթակառուցվածքների զարգացմանը, զբոսաշրջային ծառայությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և համայնքների տնտեսական ներուժի բացահայտմանը»,– նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ մասնավոր ներդրումների ներգրավումը և պետական ու մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն համայնքների զարգացման, զբոսաշրջային գրավչության բարձրացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման համար:




