ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջարկվում է հստակեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առկա կարգավորումները

Առաջարկվում է հստակեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առկա կարգավորումները

Ազգային ժողովը մայիսի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին տարկետում տալու հիմքերը կարգավորելու անհրաժեշտությունից:

Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հնարավորություն տալ այն սովորողներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում ուսուցանվում են հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, եւ առողջական կամ ընտանեկան վիճակի պատճառով տարկետում են ստացել, հնարավորություն ունենան կրթության հիմքով եւս տարկետում ստանալ եւ ավարտել ուսումը:

«Այս կարգավորմամբ մենք պարզեցնում ենք, որ ցանկացած հիմքի պարագայում տարկետումը տրվում է, եւ դա էապես հեշտացնելու է շատերի կյանքը, որոնք ունեն նման խնդիր»,- պարզաբանել է հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվել է ընդունելության քննությունների հետ կապված կարգավորումներով: Պատգամավորը հարցրել է՝ արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տղա դիմորդներից ոմանք չեն կարողանում ընդունվել բուհ եւ հետո մեկնել պարտադիր զինծառայության, քանի որ ընդունելության քննությունները հաճախ ավելի ուշ են լինում, քան զորակոչի օրերը: «Նման խնդիր չպետք է լինի, քանի որ մենք միասնական քննությունների ժամանակացույցը եւ զորակոչի ժամկետները հստակորեն քննարկում ենք: Սա նոր չէ, սա ամեն տարի կիրառվող պրակտիկա է:

Միասնական քննությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ զորակոչը դեռեւս չի ավարտվել, եւ նույնիսկ մրցույթի արդյունքներն են ամփոփվում այդ ժամանակահատվածում, որպեսզի Պաշտպանության նախարարություն կարողանանք փոխանցել անհրաժեշտ տվյալները: Զուգահեռաբար՝ ընդունելության քննությունների ընթացքում նաեւ գործարկում ենք ՊՆ-ի հետ համատեղ ծրագրերը՝ «Պատիվ ունեմը» եւ այլն»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նշել է, որ եթե հստակ խնդիր կա, կարող են ուսումնասիրել եւ արձագանքել դրան: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ բուհերի ընդունելության քննություններին վերաբերող մեկ այլ հարցով՝ կապված էլեկտրոնային հայտագրման հետ:

Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ այդ կարգը գործում է դեռեւս 2020 թվականից, երբ տարածված էր կորոնավիրուսային համավարակը: Ըստ նրա՝ բավականին ժամանակ է տրված եղել, որ մարդիկ կարողանան կատարել էլեկտրոնային հայտագրումը, սակայն քաղաքացիներից ոմանք պարզապես ամեն ինչ թողնում են վերջին օրվա վերջին կես ժամին եւ ուշանում հայտագրումից: «Մենք պետք է սովորենք, որ կան ժամկետներ, ընթացակարգեր, որոնք պետք է պահել»,- ընդգծել է նախարարը եւ պարզաբանել, որ տեխնիկական խնդիրների կասկածի առկայության դեպքերում խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի այն հարցին՝ արդյո՞ք այս կարգավորումը տարածվելու է այլ երկրների հայկական դպրոցներում սովորող ՀՀ քաղաքացիների վրա, նախարարը պատասխանել է, որ նախագծով առաջարկվող կարգավորումները վերաբերելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներ ՀՀ քաղաքացիներին: Փոփոխությունը բուհերում սովորողներին չի վերաբերելու:

 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Նախագծի քննարկումն իրականացվելու է հատուկ ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի քսանչորս ժամվա ընթացքում:

 

  • Կիսվել: