Արագածոտնի մարզում Mercedes-ը մխրճվել է «Բելառուս» տրակտորին ամրացված գութանի կցորդիչի մեջ, մայր ու որդի հիվանդանոցի ճանապարհին մահացել են
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ֆելիքս Սերոբյանի վարած «Բելառուս» մակնիշի գութանի կցորդիչով տրակտորին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս գիտակցության չգալով՝ մահացել են։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Արամ Ադիբեկյանի, Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների առողջական տվյալները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։