երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արագածոտնի Վարդենուտ և Արագած գյուղերի որոշ տարածքներ հանրության գերակա շահ ճանաչվեցին

Արագածոտնի Վարդենուտ և Արագած գյուղերի որոշ տարածքներ հանրության գերակա շահ ճանաչվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության2023 թվականի մարտի 2-ի N 279-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Արագած» ներդրումային ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ներդրումային ծրագիրը ներկայացրել է «Ռիդ» ընկերությունը։ Դրանով առաջարկվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։

«Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ և 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ և ընդհանուր առմամբ՝ ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար: Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ և 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի մասին համաձայնություն ենք տալու, որ Ապարան համայնքը կնքի»,-ավելի վաղ ասել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նշենք, որ երջին 3 տարիներին Արագածի հարավային գագաթի հարևանությամբ ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը կռվախնձոր էր դարձել երկու ներդրողների՝ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» ընկերության և Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պատկանող «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության միջև։ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Գասպարյանն էր։

Երկու ընկերություններն էլ միանման ներդրումային ծրագրեր էին ներկայացրել։ «Արագեյթ ինվեսթմենթսը» ֆրանսիական երկու ընկերությունների՝ MDP consulting and engineering և Société des 3 Vallées (այս ընկերությունը կառավարվում է Ֆրանսիայի Քուրշեվել հանգստավայրի կառավարիչների կողմից) ընկերությունների հետ մտադիր էր կառուցել լեռնադահուկային հանգստավայր, որը կգործեր 4 սեզոններին, կունենար ճոպանուղի, 125 կիլոմետր դահուկուղիներ, զիփլայն, խանութներ, լեռնային ռեստորաններ ու հյուրատներ։ «Ռիդ»-ը իր հերթին Վարդենուտ և Արագած գյուղերի մոտակայքում մտադիր է կառուցել 3oo հատ ֆերմերային տնտեսություններ՝ յուրաքանչյուրը 1500-2000 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսում են նաև կառուցել արևային և քամու էլեկտրակայաններ, 2,25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, լեռանդահուկային համալիր։ Երկու ընկերությունների ներկայացրած հայտերը քանի որ միանման էին, կառավարությունը որոշեց ստեղծել հանձնաժողով ու գնահատել, թե երկու ներդրումային ծրագրերից որն է առաջնահերթ և ի վերջո նախապատվությունը տրվեց «Ռիդ»-ի ծրագրին։

  • Կիսվել: