ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այս պահին հավաքվել են Պետական եկամուտների կոմիտեի մոտ և պահանջում են, որ կոմիտեն իրենց հարցմանը պատասխանի պատշաճ, այլապես նրանք կպահանջեն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը։
Հավաքվածները նշում են, որ օրեր առաջ հարցում են ուղարկել ՊԵԿ–ին` պահանջելով իրենց ներկայացնել ՊՆ նախկին շենքի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները։
ՊԵԿ–ից նրանց պատասխանել են, որ նշված շենքերի սեյսմիկ վիճակի մասին տեխնիկական հետազոտությունների արդյունքները վերաբերում են տվյալ տարածքի օրինական շահառուին` ՊԵԿ–ին, իսկ տարածքն ազատելու հարցում ՊԵԿ ձեռնարկած գործողությունները եղել են օրինաչափ և բխել են ՀՀ օրենսդրության պահանջներից։
«Սա մեզ համար ոչ մի բան ա, կարող ենք հաշվել, որ ՊԵԿ–ը մեզ երկու հատ սպիտակ թուղթ է տվել։ Սա պատասխան չի հանդիսանում, սա ոչ մի բան է։ Եթե այդ շենքը իսկապես վթարային է, ու մեզ դրա համար են տարհանել, թող հետազոտության արդյունքները տրամադրեն, համոզվենք»,– ասաց ակցիայի մասնակից Արամ Խանզադյանը։
ՊՆ նախկին շենքի բնակիչները համոզված են, որ այդ շենքը վթարային չէ, իրենց տարհանել են, քանի որ շենքը պետք է օգտագործվի այլ նպատակներով։
«Մեզ ինչու են մեր տներից դուրս հանել, ինչու են կտրել լույսը, ու ինչու են շենքի բնակիչները դեռևս գտնվում անորոշ վիճակում։ Ո՞ւր էին մինչև հիմա, եթե պետական գույք է, ապա ինչո՞ւ էին նախկինում թողնում, որ մենք ներս մտնենք, ինչո՞ւ սպասեցին, որ մարդիկ 2 տարի այնտեղ ինչ-որ բան ստեղծեն, բնակվեն, հետո այդ մարդկանց թալանեն ու վռնդեն այնտեղից»,- ասաց շենքի բնակիչը։
«Մենք հիմա ապրում ենք նախկին ՊՆ շենքի դիմացի փողոցում, վրանների տակ։ Մենք պայքարելու ենք վերադառնալու համար։ Մինչ այս պահը այս հարցով դիմել ենք և՛ դատարան, և՛ նախարարություն, բայց ոչ մի տեղից դեռ արձագանք չկա»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։
Փետրվարի 16-ին շենքից վտարված քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում, նրանք ցանկանում են Կառավարության որոշում, ըստ որի՝ շենքին կտրվի բնակելի կարգավիճակ, իսկ իրենք կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ։