չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ապահովագրական փաթեթը լինելու է բավական ընդգրկուն՝ հիմնված ՀՀ-ում հիվանդացության հիմնական բեռի վրա, փաթեթի արժեքը կորոշվի այս տարի․ նախարար

Ապահովագրական փաթեթը լինելու է բավական ընդգրկուն՝ հիմնված ՀՀ-ում հիվանդացության հիմնական բեռի վրա, փաթեթի արժեքը կորոշվի այս տարի․ նախարար

Աշխարհի բոլոր երկրների առողջապահական համակարգերը մշտապես ունենում են խնդիրներ, զարգացման ընթացքներ, համակարգերի փոփոխություններ և չենք կարող սպասել ինչ-որ մի իդեալական առաողջապահական համակարգի, որպեսզի  ապահովենք այս ապահովագրական համակարգի ներդնումը։

Այսօր ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյո՞ք մեր առողջապահական համակարգը պատրաստ է համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը։

Նախարարի խոսքով, զարգացած առողջապահական համակարգ ունենալը և ապահովագրական համակարգի ներդրումը իրար փոխկապակցված են․ «Ինչու՞,եթե մենք չունենք ֆինանսավորման կայուն կանխավճարային մեխանիզմ՝ առողջապահության  ֆինասավորման համակարգում, ապա նաև  համակարգի զարգացումն է հարցականի տակ դրվում  և բժշկական ծառայությունների  հասանելիությունն է խնդիր լինում։ Մենք մշտապես բախվում ենք այն հարցին, որ մարդն ունի որոշակի բժշկական ծառայության կարիք և չունի  գումար՝ այդ պահին վճարելու ու ծառայությունը ստանալու։ Եվ շատ դեպքերում հետաձգում է բուժումն այնքան, մինչև վիճակն ավելի սրվում ու դառնում է ավելի ծախսատար»։  

«Զուգահեռ պետք է աշխատենք առողջապահական համակարգի ուժեղացման, վերափոխման և պահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ։ Որպեսզի առողջապահական  համակարգն աստիճանաբար պատրաստենք և անցումը սահուն լինի, մենք նախընտրեցինք ապահովագրության փուլային տարբերակը, այդ համակարգը նոր չի մեկնարկելու, մենք այդ պրոցեսով հիմա էլ ընթանում ենք, որպեսզի կայուն ձևով անցում կատարենք վճարման այս սխեմային»,- ասաց նա։ 

Խոսելով ապահովագրական փաթեթների արժեքների մասին՝ նա նշեց․ «Մենք չենք ունենալու եկամտից կախված վճարային համակարգ, փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական, բայց պետության կողմից կատարվող սուբսիդավորման տոկոսները տարբեր են լինելու։ Այս տարի ամբողջ աշխատանքը իրականացնելու ենք և ունենալու ենք հստակ  մեկ փաթեթի արժեքը»։ 

«Փաթեթը լինելու է բավական ընդգրկուն, հիմնված է ՀՀ-ում հիվանդացության հիմնական բեռի վրա ՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, նորագոյացություններ, շաքարային դիաբետ և այլն։ Այո՛, դեղորայքը ևս ընդգրկլվելու է փաթեթի մեջ․  քիմիոթերապևտիկ դեղերը և քրոնիկ հիվանդների դեղերը  ընդգրկվելու են առողջապահական փաթեթի մեջ և հասանելի են լինելու այս փաթեթի շրջանակներում»։ 

  • Կիսվել: