հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է. ՀԿԵ-ն հորդորում է պահպանել երթևեկության կանոնները

Անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է. ՀԿԵ-ն հորդորում է պահպանել երթևեկության կանոնները

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է միանգամից երկու դեպք, երբ գծերը չթույլատրված տեղերով հատող քաղաքացիներն ընկել են գնացքի տակ. երկու դեպքերն էլ ողբերգական ավարտ են ունեցել։

Ինչպես տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, (ՀԿԵ) առաջին միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 30-ին Գյումրիում, մահացածը 76-ամյա Անահիտ Գասպարյանն է։ Երկրորդը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Արմավիրում, մահացածը 51-ամյա Կամո Մեհրաբյանն է։ Երկու դեպքում էլ գնացքների մեքենավարները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն իներցիան թույլ չի տվել կանգնեցնել բազմատոննանոց գնացքները։

«Սրանք ստանդարտ իրավիճակներ են, քանի որ գնացքների արգելակման ուղին կարող է մինչև 1 կիլոմետր կազմել՝ կախված քաշից և արագությունից։ Երկու դեպքերը միավորում է այն, որ քաղաքացիները գծերը հատել են երկաթուղային երթևեկության տարրական կանոնների խախտմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պարբերաբար իրականացվում են նմանատիպ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Դրանց թվում է «Անվտանգության օրերի» պարբերական կազմակերպումը, երբ ընկերության աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ վարորդներին հուշաթերթիկներ են բաժանում։ Ընկերության աշխատակիցներն այցելում են երկաթուղային գծերի մոտ գտնվող ուսումնական հաստատություններ և երեխաներին բացատրում գծերի և կայարանների ենթակառուցվածքի մոտ անվտանգ մնալու կանոնները։ Նշվում է, որ ՀԿԵ-ն նաև համագործակցում է ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ։

«Առանձին խնդիր է քաղաքացիների կողմից չարտոնված գծանցներ կազմակերպելու հարցը։ Ընկերության հնարավորությունները բավարար չեն դրանց դեմ պայքարելու համար, և այդ պատճառով ՀԿԵ-ն ակտիվորեն ներգրավում է ոստիկանության և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Քաղաքացիների մեծ մասը, սակայն, չի մտածում ճանապարհային կանոններից շեղվելու հետևանքների կամ սխալների մասին և շարունակում է անփույթ լինել նաև երկաթուղու կանոնների պահպանման հարցում։ Նման անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է»,- հայտնում են ընկերությունից։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

  • Կիսվել: