շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անշարժ գույքի գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանվել են նոր չափանիշներ

Անշարժ գույքի գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանվել են նոր չափանիշներ

Կառավարությունը սահմանել է մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներից: Ըստ այդմ, կանոնադրությամբ հանձնաժողովի գնահատող անդամ լինելու համար սահմանվում են նոր չափանիշներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել որակավորման վկայական ունեցող այն գնահատողները: Կանոնադրությամբ սահմանվում են, որ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով օրենքով սահմանված ժամկետում կարող է առաջարկել մեկ գնահատողի թեկնածություն՝ պայմանավորված հանձնաժողովի կազմը օբյեկտիվ և անաչառ ձևավորվելու հանգամանքով։ Կանոնադրությունում նախատեսված են հանձնաժողովի անդամին վաղաժամկետ ազատման դրույթներ, որոնք կոչված են ապահովելու հանձնաժողովի գնահատող անդամների՝ կանոնադրությամբ իրենց վերապահված պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև դրանց կատարման թերացման համար ենթարկել պատասխանատվության: Հստակեցված են հանձնաժողովի նախագահի, քարտուղարի, գնահատող անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց նկատմամբ կանոնադրությամբ կիրառվող սահմանափակումները:

 

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներից ելնելով՝ գործադիրը սահմանել է նաև գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը: Ըստ այդմ, ընդլայնվելու են գնահատման պարտադիր դեպքերը, որոնցից անշարժ գույքերի նկատմամբ լիազոր մարմնի կողմից իրականացվելու է տվյալների բազայի վարում: Գնահատման կազմակերպություններին ներկայացվելու են որոշակի պահանջներ: Սահմանվելու են որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշներ, ինչպես նաև պատասխանատվության սահմանում նաև կազմակերպության համար: Հանձնաժողովի գնահատող անդամները գնահատման հաշվետվությունները պետք է ուսումնասիրեն առանց գնահատումը նույնականացնող տվյալների, այսինքն՝ գնահատման հաշվետվությունն ուսումնասիրող հանձնաժողովի գնահատող անդամը չի կարող պարզել թե, գնահատման հաշվետվությունը, որ գնահատողի կողմից է կազմված կամ, որ գնահատման կազմակերպության կողմից է հաստատված, արդյունքում բարձրացնելով հաշվետվությունների ուսումնասիրության նկատմամբ օբյեկտիվությունը և առավելագույնս բացառելով ուսումնասիրությունների արդյունքների նկատմամբ ոչ իրավաչափ ազդեցությունը կամ կողմնակալությունը: Կարգում մանրամասն անդրադարձ է արված հանձնաժողովի նախնական եզրակացության կազմման առանձնահատկություններին, հատուկ կարծիքի հասկացությանը, որը թույլ կտա հանձնաժողովի գնահատող անդամին ունենալ հատուկ կարծիք, որը կտարբերվի հանձնաժողովի մնացած անդամների կարծիքից և կներառվի նախնական եզրակացությունում:

  • Կիսվել: