կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ

Անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ

Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նոր տարուց առաջ Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչներին տնօրինությունը ժամանակ էր տվել՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը ազատելու կացարանը:

՛՛Մեր պահանջը մեկն է, մեզ ուղարկում են ՛՛Հաղթանակ՛՛ թաղամասում ՛՛Տուն ինտերնատի՛՛ շենք, որտեղ անմխիթար վիճակ է, մենք ուզում ենք մնալ նույն տեղում՛՛,-բողոքի ակցիայի ժամանակ նշեցին Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչները:

՛՛Մենք ունենք 93 շահառու, իսկ Թիվ մեկ տուն ինտերնատում մեկ սանհանգույց է, այն էլ արաբական ոճի: Մենք ունենք անկողնային հիվանդներ, նրանք ո՞նց պետք է օգտվեն այդ զուգարանից: Մենք չենք հասկանում, թե ինչու են փակում մեր կացարանը, որը գործում է 10 տարուց ավելի: Մենք այնտեղ սիրով աշխատում, ապրում ենք, բնակիչները գոհ են, տնօրինությունը լավն է՛՛,-ասաց ակցիայի ներկայացուցիչներից մեկը:

Կացարանի բնակիչներից մեկն էլ նշեց, որ իրենք նամակով դիմել են վարչապետին եւ 100 տոկոսով համոզված են, որ դրական պատասխան են ստանալու. ՛՛Եթե դուք տեսնեք այդ տուն ինտերնատի պայմանները, եւ համեմատեք ՛՛Հանս Քրիստիան կոֆոեդ՛՛ բարեգործական հիմնադրամի պայմանների հետ, կտեսնենք, որ մեր հիմնադրամը 5 աստղանի հյուրանոց է դրա համեմատ՛՛:

Նրանց խոսքով՝ թեեւ ՛՛Հանս Քրիստիան կոֆոեդ՛՛ բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիրն ավարտվել է, սակայն հիմնադրամի ղեկավարությունը մեծագոհություն է ցուցաբերել եւ փողոց չի հանել իրենց:

Նշենք, որ կացարանը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամինն է: Հունվարի 1-ին կացարանը փակվել է, քանի որ բարեգործական հիմնադրամը չի դիմել եւ չի մասնակցել համապատասխան մրցույթին, հետեւաբար նրա հետ նոր պայմանագիր չի կնքել: Որոշվել է, որ բնակիչներին կացարան է հատկացվում Հաղթանակ թաղամասում՝ «Երեւանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերից մեկում, սակայն անօթեւանները չեն ցանկանում, որ հարցն այդ կերպ լուծվի:

 

  • Կիսվել: